Արազ Ազիմով. «Բաքուն ոչ միայն չի համաձայնվի իր հողերի տրոհմանը, այլ կկանխի այն»

PanARMENIAN.Net - «Ամերիկան պետք է հասկանա, իսկ Հայաստանը` հիշի, որ Ադրբեջանական պետությունը ոչ միայն չի համաձայնվի իր հողերի տրոհմանը, այլ կկանխի այն: Սա պետք չէ ընկալել որպես մեր դիրքորոշման կարծրացում: Սա սկզբունքային դիրքորոշում է, որն Ադրբեջանը զբաղեցնում էր ի սկզբանե, հակամարտության առաջին օրավնից: Մենք հավատարիմ կմնանք մեր դիրքորոշմանը»,-հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: Ըստ նրա, ԱՄՆ-ն հանդես է գալիս հակամարտության շուտափույթ կարգավորման օգտին եւ պատրատ է ակտիվացնել ջանքներն այդ ուղղությամբ: «Ադրբեջանը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղում հայ եւ ադրբեջանական համայնքների խաղաղ գոյակցության եւ նրանց համապատասխան երաշխիքներ տրամադրելու օգտին: Համոզված եմ, որ ինչ-որ փուլում Ադրբեջանը կհասնի դրան, քանի որ այլ ճանապարհ չկա»,-ասել է նա:

Միեւնույն ժամանակ, ըստ Ա.Ազիմովի, Ադրբեջանը պատրաստ է ճկուն լինել կարգավորման գործում: «Ես ասում եմ սա, դիմելով նաեւ Լեռնային Ղարաբաղի իմ հայրենակիցներին` հայկական համայնքը պետք է ինքնավարություն ունենա որոշ շրջանակներում: Ըստ հայկական կողմի, Ադրբեջանի քաղաքական ուժերը հանդես են գալիս այդ տարածշրջանից Լեռնային Ղարաբաղի հայերին արտաքսելու օգտին: Դա այդպես չէ: Մենք երբեք չենք առարկել Լեռնային Ղարաբաղում հայերի, որպես այդ շրջանում Ադրբեջանի քաղաքացիների, բնակության դեմ: Հակառակը, մենք գտնում ենք, որ այդ մարդիկ պետք է ունենան համապատասխան սոցիալական, հասարակական, քաղաքական ազատություններ, որոնք պետք է ապահովել»,-ընդգծել է նա:

Ա.Ազիմովն ասել է, թե «ադրբեջանական համայնքը անպայման պետք է վերադառնա Լեռնային Ղարաբաղ»: «Մենք պետք է ապահովենք, որպեսզի երկու համայնքները կարողանան օգտվել ինքնակառավարման նույն մոդելից Ադրբեջանի օրենսդրության համաձայն: Սա ադրբեջանական կողմի կառուցողական դիրքորոշումն է: Մենք պատրաստ ենք հայերի իրավունքները չճանաչելու մեր կարծր դիրքորոշումից անցնել առավել մեղ դիրքորոշման` ապահովելով նրանց իրավունքները: Այդպիսով, Հայաստանն ու Ադրբեջանը կարող են գալ ընդհանուր հայտարարի: Որոշակիորեն սա անվանել ինչ-որ կերպ դեռեւս վաղ է, եւ կարեւոր էլ չէ: Կարեւորն այն է, որ վերկանգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը միջազգային հանրության աջակցությամբ, երաշխավորվեն Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքները»,-ասել է նա: Ըստ Ազիմովի, այս հարցերը քննարկվել են Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սթիվեն Մաննի հետ, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:



Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր PanARMENIAN.Net ը, մեկնաբանելով ԱՀ ԱԳՆ ղեկավարի հայտարարությունները, ԼՂՀ արտգործնախարարությունում հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները միշտ կողմ են եղել ԼՂՀ մասնակցությանը կարգավորման շուրջ բանակցություններին առանց նախապայմանների: Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություններն արվում են ներքին կիրառման համար եւ չեն արտացոլում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ իրական գործընթացը, ընդգծել են ԼՂՀ արտաքին քաղաքականության գերատեսչությունում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---