ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կարծիքները չեն համընկնում, պնդում են Բաքվում

PanARMENIAN.Net - «Դեռեւս վաղ է խոսել ղարաբաղյան կարգավորման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր առաջարկների մասին: Առաջարկները սկզբից պետք է խմբավորվեն եւ ձեւակերպվեն, որպեսզի հնարավոր լինի որեւէ բան ասել այդ կապակցությամբ: Մենք կհայտնենք մեր կարծիքը միայն որոշակի առաջարկ ստանալուց հետո»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային հարաբերությունների բաժնի տնօրեն Նովրուզ Մամեդովը: Նա գտնում է, որ «հիմնականը ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշումն է, այլ կողմերի դիրքորոշումը»: «Կողմերը պետք է որոշ փոփոխություններ կատարեն խնդրի լուծման համար»: Արտահայտելով իր վերաբերմունքը ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեի ելույթներին, որն ասել էր, թե «ելնելով վերջին առաջարկներից, կողմերը կարող են հասնել իրենց պահանջների 80 տոկոսի կատարմանը» եւ ռուս համանախագահ Յուրի Մերզլյկովի, որը հայտարարել էր, թե «եթե բավարարվի կողմերի պահանջների 50 տոկոսը, միջնորդական առաքելությունը կարելի է հաջողված համարել»` Ն.Մամեդովն ասել է, որ համանախագահները առաջարկներ են անում, ելնելով սեփական որոշակի նկատառումներից: «Նույնիսկ համանախագահների կարծիքները չեն համընկնում»:



Պատասխանելով այն հարցին, թե «կարելի՞ է համաձայնել Ադրբեջանի տարածքների 80 կամ 50 տոկոսի վերադարձման հետ», Մամեդովն ասել է, որ Ադրբեջանին դա ձեռք չի տալիս: Արտահայտելով Ադրբեջանի կառավարության դիրքորոշումը Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների նոր հանդիպում կազմակերպելու համանախագահների փորձի վերաբերյալ` Մամեդովը կրկին ընդգծեց, որ այդ հարցում համանախագահների դիրքորոշումները չեն համընկնում: «Եթե պայմաններ առաջանան նախագահների հանդիպման համար, կարելի կլինի կարծիք հայտնել այդ մասին»:



Անդրադառնալով ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննի ապրիլի 18-ին Բաքու կատարելիք այցին` Ն.Մամեդովը կապեց դա վերջերս բանակցային գործընթացում նկատվող ինտենսիվության հետ: «Այդ պատճառով համանախագահները հաճախ են գալիս, արտահայտում են իրենց դիրքորոշումը, քննարկումներ անցկացնում եւ ներկայացնում իրենց կարծիքները»,-հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---