Հունաստանում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Հունաստանում ՀՀ դեսպանության եւ հայկական համայնքի նախաձեռնությամբ Աթենքում տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ նվիրված Օսմանյան Թուրքիայում 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցին: Ապրիլի 15-ին Աթենքի Նեա Զմիռնի թաղամասի հրապարակում, ուր տեղադրված է Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողը, տեղի ունեցավ հանդիսավոր հոգեհանգստի արարողություն:



Ելույթներ ունեցան Հունաստանում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը, Աթենքի նահանգապետարանի ու քաղաքապետարանի ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձիք: Այնուհետեւ, հուշակոթողին ծաղկեպսակներ դրվեցին ՀՀ դեսպանության, Աթենքի նահանգապետարանի, Նեա Զմիռնիի քաղաքապետարանի, Հունաստանում ուսանող ՀՀ զինվորական կուրսանտների եւ հայ համայնքի կողմից:



Ապրիլի 16-ին Աթենքի նահանգապետարանի, ՌԱԿ Հայ իրավանց խորհրդի եւ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Աթենքի «Աթիկոն» դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ: Ելույթ ունեցան հանրության, հունական խորհրդարանի ներկայացուցիչները եւ դեսպան Կաժոյանը: Միջոցառումն ավարտվեց քայլարշավով դեպի Աթենքի կենտրոնական Սինտագմա հրապարակում գտնվող Անհայտ զինվորի շիրիմը, ուր ծաղկեպսակներ դրվեցին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---