Անկախությունը Ղարաբաղի համար ինքնանպատակ չէ, այլ մեր հողի վրա ազատ ապրելու հնարավորություն

PanARMENIAN.Net - «Ղարաբաղյան հակամարտության էությունը կայանում է մեր ժողովրդի իրավունքները չհարգելու մեջ»,- հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարար Գեորգի Պետրոսյանն` ելույթ ունենալով ԼՂՀ Ազգային Ժողովում անցկացվող «Ղարաբաղյան խնդիր. կարգավորման հեռանկարներ» խորհրդարանական լսումներին, որոնց մասնակցում են ՀՀ ԱԺ մի շարք պատգամավորներ: Գեորգի Պետրոսյանն ընդգծել է, որ «Ադրբեջանի իշխանություններին ուղղված քաղաքական պահանջին ի պատասխան Լեռնային Ղարաբաղը ստացավ էթնիկական զտումներ»: Նրա խոսքերով, պաշտոնական Բաքուն միշտ էլ փորձել է ինքնորոշման խնդիրը իրավական հարթությունից տեղափոխել ռազմական հակամարատության հարթություն:



ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ այսօր բանակցությունների սեղանին դրված են առաջարկներ, որոնք նախատեսում են հակամարտության հետեւանքների վերացումը, այլ ոչ դրա լուծումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքը հարգելու հիման վրա: Նա կարծիք է հայտնել, որ միջնորդներն այսօր պահանջում են լուծել խնդիրը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում եւ ի վնաս Լեռնային Ղարաբաղի ժողովրդի շահերին, ինչը «բարոյական չէ»: ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը ափսոսանք է հայտնել, որ կարգավորման գործընթացում միջազգային միջնորդները արհամարհում են Լեռնային Ղարաբաղում 1991 թվականին անցկացրած անկախության հանրաքվեի արդյունքները: ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը հանդես է եկել հակամարտության կողմերի հետ համաձայնագրի կնքման առաջարկությամբ` ուժ կիրառելուց հրաժարվելու վերաբերյալ: Դա, ըստ Գեորգի Պետրոսյանի, թույլ կտա պարզել` ո՞վ է իրականում դեմ խաղաղ կարգավորմանը: «Անկախությունն ինքնանպատակ չէ մեզ համար, այլ մեր հողի վրա ազատ ապրելու եւ զարգանալու հնարավորություն», - ընդգծել է Գեորգի Պետրոսյանը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---