Արնոլդ Շվարցենեգերը ապրիլի 23-29 հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ

PanARMENIAN.Net - Կալիֆորնիայի նահանգապետ Արնոլդ Շվարցենեգերը ապրիլի 23-29-ը ընկած շաբաթը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ: Նրա ստորագրած հայտարարությունում ասված է, որ «1915 թվականի ապրիլի 24- ազդարարում է Հայոց ցեղասպանության սկիզբը` հանցագործություն ընդդեմ մարդկության, որի ընթացքում մինչեւ 1923 թվականը սպանվեց մեկ եւ կես միլիոն հայ: 5ՕՕ հազար հայեր, ովքեր փրկվեցին Օսմանյան կայսրության վարած բնաջնջման քաղաքականությունից, արտաքսվեցին իրենց տներից ու բնակություն հաստատեցին աշխարհի այլ երկրներում»: «Իրենց ունեցվածքից զրկված այս անձինք իրենց հետ տարան միայն իրենց կորցրած հարազատների նկատմամբ սերը, կյանքը նորից սկսելու հույսն ու հավատը: Այս վճռականությամբ նրանք բարգավաճեցին իրենց նոր հայրենիքներում, այդ թվում` Կալիֆորնիայում, որն այսօր ամենահայաշատն է Հայաստանից հետո», - ասված է հայտարարությունում: - «Այսօր Ցեղասպանությունը վերապրած մարդկանց ժառանգները կարեւոր դեր ունեն եւ մեծ աջակցություն են ցուցաբերում մեր նահանգի գործարարության, արվեստի, կրթության բնագավառներում, կառավարական ու մշակութային հաստատություններում: Իրենց ավանդույ՛թներին հավատարիմ` աշխատանքի նկատմամբ նրանց սերն ու նվիրումը կարեւոր օրինակ է ծառայում Կալիֆորնիայի բոլոր բնակիչների համար ու էլ ավելի շուք տալիս Ոսկե մեր նահանգին»:



Կալիֆորնիայի նահանգապետը գրում է` «Այսօր, երբ նշում ենք Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցը, պետք է սովորենք ու դասեր քաղենք պատմությունից, պայքարելու համար ընդդեմ մոլեռանդության ու ատելության բոլոր տեսակների, ապրելու բոլոր մարդկանց նկատմամբ հանդուրժողականության սկզբունքով: Լռությունը միայն կարող է հավերժացնել անցյալը մերժելու փորձերը»: «Ավելի հուսադրող ապագայի հիմքերը դրվում են անցյալը ճանաչելու միջոցով: Այս հույսով ես կանգնում եմ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով հանդես եկող հայ համայնքի մեր բարեկամների կողքին ու հորդորում նույնն անել Ամերիկայի ազատասեր ու աշխարհի մյուս ժողովուրդներին», - գրում է Կալիֆորնիայի նահանգապետը: - «Այժմ ես, Կալիֆորնիայի նահանգաետ Արնոլդ Շվարցենեգերս, հայտարարում եմ, որ ապրիլի 23-ից 29-ը ընկած շաբաթը Կալիֆորնիայի նահանգի մեծ կնիքով հռչակում եմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---