Վրաստանը կշարունակի Հայաստանի համար առավել շահեկան տարանցիկ պայմանների մշակման աշխատանքները

PanARMENIAN.Net - Թբիլիսիում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը նախօրեին հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարար Գելա Բեժուաշվիլու հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ողջույնի խոսքի ժամանակ երկու երկրների ԱԳ նախարարները միակարծիք էին, որ հայ-վրացական հարաբերությունները, որոնք հենված են պատմական սերտ կապերի եւ ամուր բարեկամության վրա, այսուհետ եւս կշարունակեն զարգանալ բարեկամության եւ փոխշահավետ գործընկերության ոգով: Կողմերը հայ-վրացական հարաբերությունների օրակարգը գնահատեցին որպես խոր եւ ընդգրկուն, որի վկայությունը բարձր մակարդակով հագեցած փոխայցելություններն ու կառավարությունների միջեւ ընթացող մշտական շփումներն են զանազան հարցերի շուրջ: Կողմերը հատկապես ընդգծեցին տնտեսության եւ գործարար ոլորտում ջանքերի համադրումը կապերի խորացման եւ փոխադարձ ներդրումների խրախուսման ուղղությամբ: Նախարարները նշեցին, որ հայ-վրացական առեւտրատնտեսական կապերի խորացմանը կարող է նպաստել տնտեսապես արդյունավետ տրանսպորտային հաղորդակցության զարգացումը: Այս կապակցությամբ քննարկվեցին տարածաշրջանային տրանսպորտային ուղիների լիակատար շահագործման հնարավորությունները: Արծարծվեցին նաեւ էներգետիկ անվտանգության վերաբերյալ հարցեր, ինչպես նաեւ միջազգային կառույցների եւ անհատ երկրների օժանդակությամբ սահմանամերձ գյուղերում սոցիալ-տնտեսական ծրագրեր:



Վարդան Օսկանյանը նշեց, որ մի շարք տնտեսական հարցեր ունեն որոշ քաղաքական ենթատեքստ եւ հատուկ ուշադրություն են պահանջում: Նա մասնավորապես ընդգծեց, որ Կարս-Գյումրի-Թբիլիսի երկաթուղու վերագործարկումը կնպաստի երկկողմ առեւտրաշրջանառության ծավալների աճին, ինչպես նաեւ թույլ կտա Հարավային Կովկասի բոլոր երկրներին հավասարապես օգտվելու տարածաշրջանի տրանզիտային ներուժից: Իր հերթին, Գ.Բեժուաշվիլին նշեց, որ Վրաստանը հստակորեն գիտակցում է իր կամրջողի դերն ու պատասխանատվությունը տարածաշրջանում եւ շարունակելու է աշխատել առավել շահեկան տարանցման պայմաններ մշակել Հայաստանի համար: Վրաստանը շահագրգռված է տրանսպորտային ուղիների դիվերսիֆիկացմամբ, որը մեծ հաշվով հեռանկարում կնպաստի ամբողջ տարածաշրջանի անխտիր բոլոր երկրների զարգացմանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---