Արկադի Ղուկասյանը մտադիր չէ կրկին առաջադրվել ԼՂՀ նախագահի պաշտոնում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը հանդես է եկել հայտարարությամբ տեղի եւ հավատարմագրված լրագրողների համար: Իր հայտարարության մեջ Ա.Ղուկասյանը, մասնավորապես, հայտարարել է. «Ես անհրաժեշտ համարեցի հանդիպել ձեզ հետ` մի մտահոգիչ հարցի առիթով: Վերջին ժամանակներս առանձին հրապարակումներում հայտնվել են տարբեր մտացածին տեղեկություններ` ԼՂՀ Նախագահի պաշտոնում նորից առաջադրվելու իբրեւ թե իմ մտադրության մասին: Մասնավորապես, շրջանառվում են լուրեր, թե հենց այդ նպատակով է ընդունվում ԼՂՀ Սահմանադրությունը: Այդ հերյուրանքներին ուշադրություն չէի դարձնի, հատկապես, որ նման կարգի զրպարտությունների հեղինակները կաղապարված դեմքերի սահմանափակ շրջանակից են, եթե չլինեին երկու սկզբունքային հանգամանքներ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` որպես ժողովրդավարական արժեքներին հավատարիմ պետության վարկանիշը եւ Սահմանադրության հիմնարար նշանակությունը մեր երկրի կյանքում:



Որպես քաղաքական գործիչ եւ քաղաքացի, ինձ համար չկա ավելի կարեւոր նպատակ, քան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը եւ իրավական պետության կառուցումը: Նախագահի պաշտոնում իմ գործունեության բոլոր տարիներին, իսկ մինչ այդ էլ` որպես արտաքին գործերի նախարար, ձգտել եմ ու շարունակում եմ ձգտել իմ ուժերի, հնարավորությունների, գիտելիքների ու փորձի չափով արագացնել այդ գործընթացները: Դուք ականատեսն եք այն բանի, թե ինչքան դժվար է մեզ համար ժողովրդավարության հաստատումը, ինչ բարդությունների ենք մենք առնչվել քաղաքացիական հասարակության ձեւավորան ճանապարհին: Ի՞նչ թաքցնեմ, ինձ գոհացնում է այն իրողությունը, որ երկրի համար ճակատագրական մարտահրավերներին մենք դիմակայել ենք մեր ժողովրդի շնորհիվ, որն աջակցել է նախագահի քաղաքական կուրսին: Ես չեմ նահանջել այդ ուղեգծից եւ այժմ էլ համարում եմ, որ այն այլընտրանք չուներ:



Իրավական պետություն կառուցելու գլխավոր պայմաններից մեկը Սահմանադրության առկայությունն է, եւ այս հարցում մեր երկրի բոլոր քաղաքական ուժերը միակարծիք են: Իմ նախընտրական ծրագրերում ես խոստացել էի անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել ԼՂՀ Հիմնական օրենքի մշակմանը եւ ընդունմանը: Ցավոք, ղարաբաղյան հակամարտության լուծման հետ կապված մի շարք օբյեկտիվ հանգամանքներ խանգարել են Սահմանադրությունն ավելի վաղ ընդունելուն: Պիտի ասեմ, որ հիմա էլ մեր չարակամները ջանքեր չեն խնայում, որպեսզի Լեռնային Ղարաբաղը Սահմանադրություն չունենա: Մինչդեռ ես պարտավորված եմ ինձ զգում մինչեւ իմ լիազորությունների ավարտը կատարել ժողովրդին տված խոստումս: Մնում է միայն ափսոսալ, որ իմ դիրքորոշումը եւ իմ գործողություններն այս ուղղությամբ առանձին անձանց կողմից միտումնավոր խեղաթյուրվում են: Վստահեցնում եմ ձեզ` երրորդ ժամկետով առաջադրվելու մտադրություն չեմ ունեցել եւ հիմա էլ չունեմ: Եթե նույնիսկ ապագա Սահմանադրությունը ինձ նման իրավունք ընձեռի, ապա դա ամենեւին էլ չի նշանակում, որ ես կօգտվեմ այդ հնարավորությունից: Ինձ համար բարոյական նորմերը նույնքան կարեւոր են, որքան իրավական նորմերը: Եվ որպես մարդ, եւ որպես նախագահ, ես արել եմ ինձնից կախված ամեն բան, որ մեր հասարակության ժողովրդավարացման գործընթացը դառնա անշրջելի: Դա միշտ չէ, որ անվտանգ է եղել: Եվ ուրեմն, ո՞րն էր իմաստը ամեն ինչ նժարի վրա դնելու պատրաստակամության, եթե այսօր հարցականի տակ պիտի դրվեն այն արժեքները, որոնց հավատարիմ է մեր ժողովուրդը, ստվեր գցվի ԼՂՀ վարկանիշի վրա:



Ինձ բոլորովին չի հուզում իշխանության մեջ չլինելու հեռանկարը: Երբեք իշխանությունը ինձ համար ինքնանպատակ չի եղել: Եթե ես կամենայի այսուհետ էլ զբաղեցնել նախագահական պաշտոնը, ապա տեսականորեն կարող էի ավելի հեշտ ու կարճ ճանապարհ ընտրել` խորհրդարանում համապատասխան օրենքի փոփոխության միջոցով: Ի դեպ, նման գաղափարով ինձ բազմիցս են դիմել նախորդ եւ ներկա գումարումների ԼՂՀ Ազգային ժողովի շատ պատգամավորներ: Բայց ես միշտ դեմ եմ արտահայտվել, քանի որ այդպիսի մոտեցումը լիովին հակասում է իմ սկզբունքներին: Ոչ ոք իրավունք չունի կասկածի տակ դնել մեր երկրում ընթացող ժողովրդավարացման գործընթացի անշրջելիությունը: Ու նաեւ այս պատճառով է մեզ պետք Սահմանադրությունը, որպեսզի տեսականորեն անգամ բացառվի նման իրավիճակների հնարավորությունը:



Համոզված եմ, Լեռնային Ղարաբաղը հերթական անգամ աշխարհին ցույց է տալու ժողովրդավարության բարձր մակարդակ եւ օգտագործելու է իշխանության քաղաքակիրթ հերթագայման իրեն տրված հնարավորությունը, ինչը միշտ չէ, որ հաջողվում է իրականացնել հետխորհրդային տարածքի նույնիսկ ճանաչված շատ պետությունների: Եվ այս առթիվ ես իմ գլխավոր խնդիրն եմ համարում ազատ եւ արդար նախագահական ընտրությունների ապահովումը գալիք տարում:



Եզրափակելով խոսքս, ուզում եմ հույս հայտնել, որ իմ այսօրվա հայտարարությունը վերջ կդնի ամեն տեսակ մտավարժանքներին, որոնք կարող են վնասել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային վարկանիշը եւ ապակողմնորոշել հանրային կարծիքը` ԼՂՀ Սահմանադրության ընդունման իրական նպատակների վերաբերյալ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---