Թուրքերի մեծամասնությունը համաձայն է Հայաստանի հետ հարաբերություններին` «որոշակի պայմաններով»

PanARMENIAN.Net - Թուրքերի ճնշող մեծամասնությունը կողջունի հարեւան Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը` միայն Հայաստանի կողմից «որոշակի պայմանների» բավարարման դեպքում: Այդ են վկայում Թուրքիայում անցկացված հարցումների արդյունքները: «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի ընկերակցություն» կոչվող կազմակերպության կողմից 8 հազար 714 մարդու շրջանում անցկացված հարցումների մասնակիցների 82 տոկոսը դրական է տրամադրված Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու հարցում` «որոշակի պայմանների» բավարարման դեպքում, որոնցից են ցեղասպանության մասին «պնդումներից» հրաժարվելը եւ այդ «պնդումների համար Թուրքիայից ներողություն խնդրելը»: Հարցման մասնակիցների 53 տոկոսը Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու պայմանների մի ամբողջ ցանկ է թվարկել, այդ թվում` թե հայերը պետք է թուրք ժողովրդից ներողություն խնդրեն Առաջին աշխարհամարտի ընթացքում «իրենց իրագործած կոտորածների համար», պետք է ոչնչացնեն Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանը Հայաստանում, պետք է խզեն իրենց հարաբերությունները հայկական սփյուռքի հետ, պետք է հրաժարվեն «այսպես կոչված» Հայոց ցեղասպանությունից եւ պետք է դուրս գան Լեռնային Ղարաբաղից:



Հարցվածների 16 տոկոսը Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման համար բավարար է համարել Եվրոպայի եւ ԱՄՆ-ի հայկական սփյուռքի հետ Հայաստանի կապերի խզումը եւ ցեղասպանության «պնդումներից» հրաժարվելը, իսկ 6 տոկոսը հայտարարել է, թե «հայերը պետք է ներողություն խնդրեն թուրք ժողովրդից Առաջին աշխարհամարտի ընթացքում իրենց իրագործած կոտորածների համար»: Հարցմամբ ընդգրկվածների 18 տոկոսը չի ցանկանում Հայաստանի հետ հարաբերությունների հաստատում ոչ մի պայմանով: Այնուհանդերձ, չի հաղորդվում, թե թուրքերի քանի տոկոսն է ցանկանում Հայաստանի հետ հարաբերությունների հաստատում առանց որեւէ պայմանի, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---