Շարլ Ազնավուր. Հայաստանին արժանապատիվ ապագա է պետք

PanARMENIAN.Net - «Երեխաներն երկրի ապագան են: Հայաստանը հարուստ անցյալ ունեցող երկիր է, որը արժանապատիվ ապագայի կարիք ունի»,-հայտարարել է աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրը` ելույթ ունենալով Փարիզի «Գարռնյե» Օպերայում Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում կայացած բարեգործական համերգին, որի հասույթը նախատեսված էր հայ երեխաների համար: Բարեգործական համերգին, որի միջոցներն ուղղվելու են վիրահատության կարիք ունեցող երեխաներին, ներկա են եղել Ֆրանսիայի եւ Հայաստանի նախագահներ Ժակ Շիրակն ու Ռոբերտ Քոչարյանը, երկու երկրների առաջին տիկիններ Բերնադետ Շիրակն ու Բելլա Քոչարյանը, ինչպես նաեւ երկու պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, այդ թվում նաեւ պաշտպանության նախարար Միշել Ալյո-Մարին, շրջակա միջավայրի գործերի նախարար Նելլի Օլին, մշակույթի եւ հաղորդակցությունների նախարար Ռենո Դոնեդյե դը Ֆաբրը, ինչպես նաեւ Փարիզում Հայաստանի դեսպան Էդուարդ Նալբանդյանը:



Ինչպես հաղորդում է ֆրանսիական Vou Snous Ils գործակալությունը, «Շարլ Ազնավուրը եւ ընկերները» համերգում հանրահայտ ֆրանսիացի երգիչների հետ նույն բեմում հանդես է եկել նաեւ հայկական մանկական երգչախումբը: Ըստ աղբյուրի, Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում, 2007 թվականի մարտին Ֆրանսիայի շուրջ 30 քաղաքներ կընդունեն հայաստանցի երեխաներին, որոնք կժամանեն ֆրանսերեն ուսումնասիրելու նպատակով: Միջոցառումը կազմակերպվել է Ֆրանսիայի կրթության նախարարության աջակցությամբ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---