Հայաստանի մեկուսացումը խորանում է, գտնում է «Economist» ամսագիրը

PanARMENIAN.Net - Հայաստանի մեկուսացումը խորանալու միտում ունի, ինչի ապացույցն է հայկական կողմի բացակայությունը Բաքու - Թբիլիսի - Ախալքալակ - Կարս երկաթուղու ծրագրում: Նման կարծիք է հայտնել բրիտանական հեղինակավոր «Economist» հանդեսի վերլուծական կենտրոնը: Հայաստանին վերաբերող փետրվարյան զեկույցում անդրադառնալով արտաքին ասպարեզում երկրի առջեւ ծառացած կարեւոր հարցերին: «Հայաստանը հերթական անգամ դուրս է մնում տարածաշրջանային շահավետ տնտեսական նախաձեռնությունիցե: Այդ երկաթգծի շահագործումը թույլ կտա Ադրբեջանից Թուրքիա տարեկան փոխադրել մինչեւ 500 միլիոն տոննա ապրանք: Ադրբեջանը, Վրաստանը եւ Թուրքիան արդեն սերտորեն համագործակցում են կասպյան էներգակիրները Թուրքիա հասցնելու խնդրում:



Հայաստանը փորձել է խափանել ծրագիրը: ԱՄՆ-ում, որտեղ կա հայկական հզոր համայնք, նրանք հաջողության են հասել. Կոնգրեսը համաձայնել է չհաստատել այդ ծրագրի պետական ֆինանսավորումը»,- հիշեցնում է հոդվածի հեղինակը: Ամսագիրը նշում է, որ չնայած հայկական կողմն առաջարկել է վերականգնել երկաթուղու Գյումրի - Կարս հատվածը, առաջարկել է նույնիսկ բարենպաստ մաքսային ռեժիմով բացել հայ - թուրքական սահմանը, այնուամենայնիվ, Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթգծի կառուցումը շարունակվելու է:



Ըստ «Economist»-ի վերլուծաբանների, փակ սահմաններն ու սեփական էներգակիրներից գրեթե ամբողջապես զուրկ լինելը է'լ ավելի է խորացնում Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից: Վերջինի կողմից Հայաստանի շահերի անտեսումը Հայաստանի արեւմտամետ դիրքորոշման քաղաքական գործիչների վրդովմունքն է հարուցում: «Եվ այնուհանդերձ, Հայաստանի բնակչության մեծ մասը շարունակում է ռուսներին դիտել որպես Ադրբեջանից եւ Թուրքիայից բխող վտանգը վնասազերծելու հիմնական երաշխիք: Սակայն հայտնի չէ, թե արդյոք ռուսները կմիջամտեն, եթե, օրինակ, Ադրբեջանը ռազմական գործողություններ ծավալի Լեռնային Ղարաբաղը հետ վերադարձնելու համար», - նշում են բրիտանական հանդեսի վերլուծաբանները, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---