Հայաստանում եւ Ղարաբաղում տեղի կունենան Շուշիի ազատագրման 15-ամյակին նվիրված միջոցառումներ

PanARMENIAN.Net - Ապրիլի վերջին-մայիսի սկզբին Հայաստանում եւ Ղարաբաղում տեղի կունենան Շուշիի ազատագրման 15-ամյակին նվիրված միջոցառումներ: Մայիսի 7-ին Շուշի քաղաքի կինոթատրոնում տեղի կունենա ռեժիսոր Արման Մանարյանի «Սասունցի Դավիթ» մուլտիպլիկացիոն ֆիլմի պրեմյերան, որը նկարահանվել է հայկական ժողովրդական էպոսի մոտիվներով: Այդ օրը Շուշին կընդունի միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնը: Հայաստանի եւ Արցախի դպրոցականներին մեկ այլ պրեմյերա է սպասվում` Հայաստանի հանրային հեռուստատեսությունն առաջին անգամ կցուցադրի «Մեր Շուշի» ֆիլմը: Ցուցադրությունների կազմակերպիչն է «Շուշիի վերածնունդ» հիմնադրամը:



Մայիսի 8-ի երեկոյան նախատեսվում է Շուշիի բերդապարիսպի վրա ցուցադրել SEMA Associates (ԱՄՆ) մշակած քաղաքի գլխավոր պլանի տեսապրոեկցիան եւ անցկացնել նրա շնորհանդեսը: Բերդապարիսպի վրա կցուցադրվեն նաեւ հիմնադրամի այլ նյութեր, կենդանի կատարմամբ կհնչի նոր օրհներգը: Կավարտվի երեկոն տոնական հրավառությամբ 15 համազարկից:



Մայիսի 9-ին կբացվի Արվեստի, արհեստների եւ զբոսաշրջության կենտրոնը, որտեղ տոնական օրերին կանցնի «Շուշին երեխաների աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսը, ինչպես նաեւ կգործի Լեռնային Ղարաբաղի տեղեկատվական զբոսաշրջային կենտրոնը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:



Նշենք, որ մայիսի 9-ին Հայաստանում եւ Ղարաբաղում նշվում է ոչ միայն որպես Մեծ հայրենական պատերազմում տարած Հաղթանակի օր, այլ նաեւ որպես Շուշիի ազատագրման օր, ինչպես նաեւ որպես ԼՂՀ պաշտպանության բանակի ստեղծման օր ( սկսած 1992 թվականից): Ղարաբաղի Շուշի քաղաքը ազատագրվեց Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի եւ կամավորական ջոկատների կողմից 1992 թվականի մայիսի 9-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---