ԼՂՀ-ն ստիպված է պաշտպանել անկախությունը զենքը ձեռքին

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հիմնական նպատակն է հասնել հանրապետության միջազգային ճանաչման: Այդ մասին Ստեփանակերտում լրագրողներին է հայտնել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Նրա խոսքերով, այսօրվա դրությամբ ԼՂՀ-ն այլընտրանք չունի: «Առաջնային խնդիր է խաղաղ երկինք ապահովել մեր գլխավերեւում: Մայիսի 9-ին մենք հիշեցինք բոլոր նրանց, ով իր կյանքը զոհեց ԼՂՀ ազատության եւ անկախության համար: Մենք պետք է մինչեւ վերջ պայքարենք այն մարդկանց գաղափարներին հասնելու համար, որոնք իրենց կյանքը զոհաբերեցին»,-ընդգծել է Ղուկասյանը: ԼՂՀ նախագահը նշեց նաեւ, որ «պատերազմը մեր ուղին չէ, ժամանակին մեզ պատերազմ պարտադրեց Ադրբեջանը եւ այսօրվա ստատուս-կվոն այդ պատերազմի բնական արդյունքն է»:



Ա.Ղուկասյանը հատկապես կարեւորել է այն հանգամանքը, որ ԼՂՀ Պաշտպանության բանակն է հանրապետության անվտանգության եւ անկախության երաշխավորը: «Վերածննդի հրապարակում անցած ռազմական շքերթը անցկացվեց մեզ համար եւ նպատակ չէր հետապնդում վախեցնել Ադրբեջանին: Ղարաբաղցիները նման աշխտանիշներ չունեն, որով տառապում են Ադրբեջանի իշխանությունները: Այսօրվա լուսավոր տոնը մեզ էր հարկավոր: Կյանքը ցույց տվեց, որ մենք ուժեղ ենք այն ժամանակ, երբ միասնական ենք: Հայ ժողովրդի վերջին տարիների պատմությունը վառ կերպով ցույց տվեց դա»,-ընդգծել է Ղուկասյանը:



Միեւնույն ժամանակ նա ասել է, որ զենքը ԼՂՀ անկախությունը պահպանելու միակ միջոցն է: «Ցավոք, դա մեր միակ ելքն է, ԼՂՀ նման դիրքորոշումը պայմանավորվարծ է Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշմամբ: Եթե Բաքվի իշխանությունները առավել կառուցողական դիրքորոշում որդեգրեին ղարաբաղյան կարգավորման հարցում, մենք ստիպված չէինք լինի պահպանել մեր անկախությունը բացառապես զենքի ուժով: Ես համոզված եմ, որ զենքն ու զինված ուժը չէ որ պետք է որոշիչ գործոն լինի կարգավորման հարցում: Խաղաղ ճանապարհն ու կառուցողական երկխոսությունը այն լուծելու միակ միջոցներն են: Այնուամենայնիվ, մենք մշտապես նորացնում ենք մեր տեխնիկան եւ սպառազինությունը: Այդ գործընթացը տեւական է եւ անվերջանալի»,-ասել է Ղուկասյանը:



Նշենք, որ մայիսի 9-ին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցավ Շուշիի ազատագրման 15-ամյակին եւ ԼՂՀ Պաշտպանության բանակի հիմնադրման եւ Երկրորդ Համաշխարհային պատերազմում տարած Հաղթանակի օրվան նվիրված շքերթ: Շքերթի հրամանատարն էր ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Մովսես Հակոբյանը: Շքերթն ընդունում էր ԼՂՀ պաշտպանության նախարար, ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանը: Շքերթին մասնակցել են ԼՂՀ ՊԲ-ի շուրջ հազար հինգ հարյուր զինծառայողներ: Շքերթին ներկա էին Հայաստանի եւ ԼՂՀ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Արկադի Ղուկասյանը, ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Պարգեւ Մարտիրոսյանը, Երկրապահ կամավորականների միության ղեկավար գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, Հայաստանի եւ Ղարաբաղի բանակների գեներալիտետը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---