Շուշիի ազատագրումը բեկումնային եղավ Ղարաբաղի ազգային-ազատագրական շարժման համար

PanARMENIAN.Net - Շուշի քաղաքի ազատագրման հարցում գլխավոր դերակատարությունն ունեցան սովորական մարտիկները, Ղարաբաղի ողջ ժողովուրդը եւ, բնականաբար, Հայաստանից եւ այլ երկրներից ժամանած կամավորները: Այդ մասին Շուշիում լրագրողներին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի առաջին հրամանատար, Շուշիի ազատագրման ծրագրի հեղինակ Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս): «Շուշիի ազատագրումը վերջնականապես հաստատեց սեփական ուժերով թշնամուն հաղթելու հնարավորության հավատը, ով թե քանակով եւ թե զինվածությամբ գերազանցում էր: Մենք ջախջախիչ բարոյա-հոգեբանական հարված հասցրեցինք հակառակորդին, ով այդպես էլ չկարողացավ ողջ պատերազմի ընթացքում եւ նաեւ հիմա հաղթահարել պարտության սինդրոմը»,- ընդգծել է Տեր-Թադեւոսյանը:



Շուշիի ազատագրման ռազմական գործողությունը հաստատվել է 1992 թվականի ապրիլի 28-ին եւ սկսկվել է 1992 թվականի մայիսի 8-ին: Ռազմական մասնագետները գործողությունը գրեթե անթերի են համարում: Հենց մայիսի 9-ից հետո տեղի ունեցավ բեկումը Արցախի ազգային-ազատագրական շարժման մեջ:



Շուշիի ազատագրմամբ ոչնչացվեցին բոլոր ադրբեջանական կրակային կետերը, որոնցից ռմբակոծվում էր Ստեփանակերտը: Շուշիի ազտագրմանը հետեւեց Լաչինի միջանցքի բացման ռազմական գործողությունը, որի արդյունքում ճեղքվեց ԼՂՀ շրջափակումը:



Նշենք, որ մայիսի 9-ին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցավ Շուշիի ազատագրման 15-ամյակին եւ ԼՂՀ Պաշտպանության բանակի հիմնադրման եւ Երկրորդ Համաշխարհային պատերազմում տարած Հաղթանակի օրվա նվիրված շքերթ: Շքերթի հրամանատարն էր ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Մովսես Հակոբյանը: Շքերթն ընդունում էր ԼՂՀ պաշտպանության նախարար, ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանը: Շքերթին մասնակցել են ԼՂՀ ՊԲ-ի շուրջ հազար հինգ հարյուր զինծառայողներ:



Շքերթին ներկա էին Հայաստանի եւ ԼՂՀ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Արկադի Ղուկասյանը, ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Պարգեւ Մարտիրոսյանը, Երկրապահ կամավորականների միության ղեկավար գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, Հայաստանի եւ Ղարաբաղի բանակների գեներալիտետը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---