Ղարաբաղյան բանակն ի վիճակի է պաշտպանել իր սահմաններն առանց երրորդ ուժերի մասնակցության

PanARMENIAN.Net - «Մեր բանակի ռազմական հզորությունը, որ ցուցադրվեց մայիսի 9-ի շքերթում, լրացուցիչ ապացույցն էր այն բանի, որ մենք ի վիճակի ենք պաշտպանել մեր սահմաններն առանց երրորդ ուժերի միջամտության»,-ասել է լրագրողներին Շուշիում ԼՂՀ պաշտպանության նախարար, ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանը:



Նրա խոսքերով, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած շքերթը «պրոֆիլակտիկ» բնույթ էր կրում: «Մենք համոզված ենք, որ հարկավոր չէ վախենալ հակառակորդից, ի պատասխան Ադրբեջանի կողմից զենքի անվերահսկելի զանգվածային ձեռք բերմանը Ղարաբաղը միշտ պատրաստ է հակադրել ԶՈՒ մարտունակության եւ անձնակազմի ուսուցման մակարդակի բարձրացումը, ինչպես նաեւ կարգ ու կանոնի մակարդակը»,-հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարարը:



Միեւնույն ժամանակ Ս.Օհանյանն ընդգծել է, որ ղարաբաղյան պատերազմի վետերանները հզոր աջակցություն են ցուցաբերում ՊԲ-ին: «Վետերանները միշտ ակտիվ մասնակցություն են ունենում զորավարժություններին: Ես համոզված եմ, որ անհրաժեշտության դեպքում ազգային-ազատագրական պատերազմի բոլոր մասնակիցները մեկ մարդու պես կկանգնեն կադրային զինվորականների կողքին»,-ընդգծել է գեներալ-լեյտենանտ Օհանյանը:



Նա նաեւ նշել է, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հիմնականում հանգիստ է: «Ադրբեջանական ինքնաթիռները չեն խախտել ԼՂՀ օդային տարածքը: Նրանց ավիացիան թռիչքներ է կատարել, սակայն մեր սահմաններից բավականին հեռու»,-ասել է Օհանյանը` հավելելով, որ ԼՂՀ-ն իր տրամադրության տակ ունի ՀՕՊ-ի բոլոր միջոցները:



Մայիսի 9-ին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցավ Շուշիի ազատագրման 15-ամյակին եւ ԼՂՀ Պաշտպանության բանակի հիմնադրման եւ Երկրորդ Համաշխարհային պատերազմում տարած Հաղթանակի օրվա նվիրված շքերթ: Շքերթի հրամանատարն էր ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Մովսես Հակոբյանը: Շքերթն ընդունում էր ԼՂՀ պաշտպանության նախարար, ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանը: Շքերթին մասնակցել են ԼՂՀ ՊԲ-ի շուրջ հազար հինգ հարյուր զինծառայողներ: Շքերթին ներկա էին Հայաստանի եւ ԼՂՀ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Արկադի Ղուկասյանը, ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Պարգեւ Մարտիրոսյանը, Երկրապահ կամավորականների միության ղեկավար գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, Հայաստանի եւ Ղարաբաղի բանակների գեներալիտետը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---