ԼՂՀ տարածքի 15 տոկոսը ցայսօր բռնազավթված է Ադրբեջանի կողմից

PanARMENIAN.Net - Պաշտոնական Բաքուն հաճախակիորեն հղում է անում Ադրբեջանի Հանրապետության միջազգային ճանաչվածությանը, իրենց օգտին կամայականորեն մեկնաբանելով «միջազգայնորեն ճանաչված սահմաններ» ունենալու հանգամանքը, ինչն իրականությանը չի համապատասխանում: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխարտգործնախարար Մասիսի Մայիլյանը: Նրա խոսքերով, միջազգային իրավունքում որեւէ պետության ճանաչումն ինքնաբերաբար չի ենթադրում տվյալ պետության կողմից հռչակվող տարածքային կազմի ճանաչումը: «Միջազգային պրակտիկան կայանում է նրանում, որ հարեւան պետությունների միջեւ տարածքային սահմանազատման հարցը լուծվում է միայն կողմերի պետական անկախության փոխադարձ ճանաչման պայմաններում եւ ենթադրում է դիվանագիտական հարաբերությունների առկայություն: Յուրաքանչյուր ձգտում` տարածքային սահմանազատման հարցը լուծելու` շրջանցելով կողմերից մեկի միջազգային իրավասուբյեկտ լինելու եւ պետական անկախության ճանաչումը, ի սկզբանե անընդունելի է»,- նշել է Մայիլյանը:



Նրա կարծիքով, քննարկումները կարող են ընթանալ ոչ թե, որպես այդպիսիք, տարածքների շուրջ, այլ ընդամենը ԼՂՀ եւ ԱՀ միջպետական այժմյա սահմանների ճշգրտման շուրջ, իսկ միջպետական հանձնաժողովի աշխատանքը ԼՂՀ եւ ԱՀ միջեւ ներկայումս առկա սահմանների հստակեցման եւ ճշգրտման հարցով հնարավոր է միայն Ադրբեջանի կողմից Արցախի պետական անկախության անվերապահ ճանաչումից հետո: «Սահմանների ճշգրտման ժամանակ մենք պետք է ելնենք վերջերս ընդունված ԼՂՀ Սահմանադրությամբ իրավաբանորեն ամրագրված տարածքային իրողություններից` ի նկատի ունենալով, որ խնդրի լուծման միակ չափանիշը կարող է լինել Արցախի քաղաքացիների ֆիզիկական անվտանգության եւ պետական անկախության իրավունքի բացարձակ գերակայությունը: Ինձ համար առավել քան ակնհայտ է, որ մեր երկիրը չի կարող ինքնուրույնաբար զարգանալ եւ ապահովել իր ռազմական եւ տնտեսական անվտանգությունը նախկին ԼՂԻՄ-ի` ի սկզբանե ոչ լեգիտիմ անկլավային սահմաններում: Քննարկելով տարածքների եւ սահմանների հարցը` մենք պետք է նաեւ մշտապես հիշենք, որ այն տարածքի 15 տոկոսը, որի վրա հռչակվել է ԼՂՀ անկախությունը, ցայսօր բռնազավթված է Ադրբեջանի կողմից»,- ասել է Մասիս Մայիլյանը, հաղորդում է KarabakhOpen.com-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---