Խաղաղապահները Ղարաբաղում կարող են ռազմական գործողությունների վերսկսման հանգեցնել

PanARMENIAN.Net - «Անգամ համաշխարհային հեղինակություն վայելող միջազգային կազմակերպությունների դրոշի ներքո միջազգային խաղաղապահ ուժերի ԼՂՀ-ում հայտնվելն անմիջապես կհանգեցնի մեր ինքնիշխանության շեշտակի սահմանափակմանը: ԼՂՀ ինքնիշխանության միջազգային ճանաչման բացակայության պայմաններում, երբ Արցախը ներկայացված չէ վերոնշյալ կառույցներում, կստեղծվի այնպիսի իրավիճակ, երբ մեր երկիրը չի ունենա միջազգայնորեն երաշխավորված որեւէ լծակ` այդ ուժերի վրա ներազդելու համար»,- գտնում է ԼՂՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը: Նրա խոսքերով, նմանօրինակ իրավիճակում խաղաղապահ ուժերի հնարավոր տեղակայումն արմատապես կհակասի մեր ազգային շահերին: «Մենք չենք կարող սահմանափակել մեր պետական ինքնիշխանությունը, այն էլ` առանց միջազգային իրավաբանական ճանաչում ձեռք բերելու: Բացի դրանից, հանրահայտ է, որ Ադրբեջանի եւ ԼՂՀ միջեւ կրակի դադարեցումը պահպանվում է բացառապես կողմերի միջեւ հաստատված ռազմաքաղաքական հավասարակշռության ներկայիս համակարգի շնորհիվ, որտեղ մեզ պարտադրված պատերազմի ժամանակ ազատագրված տարածքները ունեն ռազմավարական գործառույթ»,- ընդգծել է նա: Մասիսի Մայիլյանը համոզված է, որ ցանկացած չկշռադատված եւ նախապես վավերացված միջպետական պայմանագրերով չերաշխավորված նահանջը ձեւավորված իրողություններից կբերի իմ կողմից հիշատակված ուժերի հավասարակշռության անմիջական խախտմանը եւ անկասկած կհանգեցնի ողջ տարածաշրջանի համար կործանարար հետեւանքներով հղի ռազմական գործողությունների վերսկսմանը: «Այն երկրներն ու կազմակերպությունները, որոնք հայտարարում են տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման սեփական շահագրգռվածության մասին, պետք է պահպանեն ռազմավարական հավասարակշռությունը եւ սթափ կերպով գնահատեն իրավիճակի ողջ բարդությունն ու փխրունությունը` ձեռնարկելով եւ պնդելով միայն այնպիսի քայլերի վրա, որոնք միանշանակ կերպով կնպաստեն կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանը, տարածաշրջանային կայունության ներկայիս համակարգի պահպանմանը եւ հանդուրժողականության մթնոլորտի ձեւավորմանը: Այս դեպքում խաղաղապահ ուժերի տեղակայման մասին խոսակցություններն ինքնաբերաբար կբովանդակազրկվեն»,- ընդգծել է ԼՂՀ արտգործնախարարը, հաղորդում է KarabakhOpen-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---