Ադրբեջանում պատրաստ չեն հրաժարվել մաքսիմալիստական դիրքորոշումից ղարաբաղյան հարցում

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը կիսել է իրր սպասելիքները հունիսի 9-ին Սանքտ Պետերբուրգում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման վերաբերյալ, որոնք ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների հերթական փուլը կանցկացնեն ԱՊՀ ղեկավարների ոչ ֆորմալ գագաթնաժողովի շրջանակներում: Եթե դատենք ըստ միջնորդների լավատեսության, ապա, թվում է, թե հիմնական սկզբունքների համաձայնեցման հարցում տեղաշարժի հավանականությունը շատ մեծ է: Անշուշտ, հուսալ պետք է, սակայն, դատելով արտաքին դրսեւորումներից, ավելի հստակ` ադրբեջանական պաշտոնյաների հայտարարություններից կարելի է արձանագրել, որ, ցավոք, Ադրբեջանում պատրաստ չեն հրաժարվել մաքսիմալիստական դիրքորոշումից, ինչն արդեն հակասում է բանակցային գործընթացի տրամաբանությանը: Մնում է ենթադրել, որ դա ուղղակի կոնկրետ պայմանավորվածության դուրս գալու հերթական շանս է»,-մասնավորապես հայտարարել է Ղարաբաղի ԱԺ խոսնակը:



Մեկնաբանելով տարածվող լուրերն այն մասին, որ հայկական կողմը կարող է վերահսկվող տարածքները հանձնել հետաձգված հանրաքվեի փոխարեն` Ա.Ղուլյանը հայտարարել է. «Եթե ինչ-որ բան տարածվում է, ուրեմն դա ինչ-որ մեկին պետք է»: «Ընդ որում նա զարմանք է հայտնել, որ այդ դատողություններում ոչ ոք հղում չի անում ԼՂՀ Հիմնական օրենքին, որը վերջերս է ընդունվել եւ որտեղ սեւով սպիտակին գրված է. «Մինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական ամբողջականության վերականգնումը եւ սահմանների հստակեցումը, հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքներում, որոնք փաստացի գտնվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասության տակ» (Հոդված 142): «Այլ կերպ ասած, անտեղի եմ համարում այս դեպքում արհեստականորեն մրցակցություն կազմակերպել` թե ով ավելի հզոր եւ ուժեղ կասի: Այնտեղ գրված է նաեւ, որ «ԼՂՀ Սահմանադրությունը բարձրագույն իրավական ուժ ունի եւ նրա նորմերն անմիջական են գործում»: (Հոդված 7, պ.1): Ամփոփելով, կցանկանայի նկատել, որ այդ տարածքների կարգավիճակն արդեն ամրագրված է մեր երկրի Հիմնական օրենքում: Իսկ Սահմանադրությունը, միջազգային իրավունքի տեսակետից, ցանկացած ժողովրդի կամքի արտահայտման բարձրագույն ձեւն է»,-ընդգծել է նա:



ԼՂՀ խորհրդարանի նախագահը նշել է նաեւ, որ նոր ազդակները բանակցային գործընթացում պետք է պահանջված լինեն: Նրա խոսքերով, կան գործընթացն արագացնելու բազում միջոցներ, սակայն բոլորն էլ լուրջ քննարկման կարիք ունեն: «Քանի որ բացակայում է նման քննարկումների համար անհրաժեշտ հարթակը, բոլոր խոսակցությունները հիպոթետիկ բնույթ են ստանում: Կարծում եմ, լավ հիմք կարող էր ծառայել բոլոր կողմերի հայտարարությունն առ այն, որ իրենք հավատարիմ են զինադադարի ռեժիմին եւ բոլոր բարդ հարցերը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելուն: Դա, անկասկած, նորություն չէ, սակայն այն ի ցույց կդնի կողմերի մտադրությունների անկեղծությունը: Միջնորդները, հուսով եմ, բոլորից շատ են զգում վստահության կամուրջների վերականգնման անհրաժեշտությունը, որոնք այնքան պակասում են մեր տարածաշրջանում: Հենց այս ոլորտն է, որ փուլային մոտեցման կարիք հունի, մնացած բոլոր հարցերը կարելի է լուծել վստահության եւ բարի կամքի առկայության դեպքում: Եվ, վերջապես, բանակցությունները պետք է վարվեն հաստատված ձեւաչափով, կողմերի ստանձնած պարտավորությունների համաձայն»,-ամփոփել է նա, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---