Չճանաչված պետությունները հռչակագիր են ընդունել հակամարտությունների կարգավորման սկզբունքների մասին

PanARMENIAN.Net - Չորս չճանաչված պետությունների` Մերձդնեստրի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի եւ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունները շաբաթ օրը Տիրասպոլում ստորագրել են «Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքներում հակամարտությունների խաղաղ եւ արդարացի կարգավորման սկզբունքների մասին հռչակագիրը»: Փաստաթղթում ասվում է, որ հակամարտությունները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ քաղաքական միջոցներով, հակամարտության բոլոր կողմերի դիրքորոշման հարգանքի եւ ժողովրդների ինքնորոշման իրավունքի ճանաչման վրա: Բացառվում են բանակցություններում ճնշման ցանկացած ձեւեր, ներառյալ ռազմական, տեղեկատվական, տնտեսական, դիվանագիտական եւ այլ միջոցները:



Հռչակագրի հեղինակները կոչ են արել հարգել Աբխազիայի, Լեռնային Ղարաբաղի, Մերձդնեստրի եւ Հարավային Օսեթիայի ժողովրդների կամքը, որոնք որոշել են իրենց զարգացման ուղին անմիջական դիվանագիտության ամենաբարձր դրսեւորումների` համաժողովրդական հանրաքվեների ընթացքում: Նրանք պայմանավորվել են նաեւ ստեղծել հետկոնֆլիկտային կարգավորման երաշխիքների, ներառյալ արտաքին, միջազգային-իրավական, տնտեսական երաշխիքներ, ինչպես նաեւ ժողովրդների անվտանգության եւ մարդու իրավունքների պահպանման երաշխիքներ եւ ապահովել հակամարտության կողմերի ստանձնած պարտավորությունների հստակ եւ պարտադիր կատարումը:



«ՄԱԿ-ում Կոսովոյի խնդրի քննարկմանը զուգահեռ չճանաչված պետությունները կնախապատրաստեն եւս մեկ համատեղ հայտարարություն, որը կուղղվի ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդ: Կոսովոյի անխուսափելի անկախացումը նախադեպ կստեղծի հետխորհրդային չճանաչված հանրապետությունների համար, որոնք շատ ավելի գերադասելի են պետական ինստիտուտների հասունության առումով»,-հայտարարել է հռչակագրի ստորագրումից հետո Մերձդնեստրի ԱԳՆ ղեկավար Վալերի Լիցկայը, հաղորդում է MIGnews.com-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---