Սերբիան մտադիր չէ հրաժարվել Կոսովոյից նույնիսկ ԵՄ-ին անդամակցելու պայմանով

PanARMENIAN.Net - Պաշտոնական Բելգրադը համաձայն չէ ճանաչել Կոսովոյի եւ Մետոխիայի անկախությունը Եվրամիությանն անդամակցելու դիմաց: Այդ մասին հայտարարել է Մոսկվայում Սերբիայի դեսպան Ստանիմիր Վուկիչեւիչը: «Ես վստահաբար կարող եմ ասել, որ սակարկություն չի լինի. ԵՄ-ին Սերբիայի անդամակցությունը չի վճարվի Կոսովոյի գնով, թեեւ Բելգրադը բանակցում է ԵՄ-ի հետ միավորված Եվրոպային ինտեգրվելու նպատակով: Սակայն բանակցությունների ընթացքում մենք միշտ ընդգծում ենք, որ անդամակցումը ԵՄ-ին եւ Կոսովոյի կարգավիճակի մասին հարցը բոլորովին տարբեր բաներ են: Այս երկու գործընթացները կախված չեն միմյանցից»,-նշել է Մոսկվայում Սերբիայի դեսպանը:



Նրա խոսքերով, Կոսովոյի կարգավիճակի մասին որոշումը պետք է գտնել պայմանագրերի եւ փոխզիջումների հիման վրա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում: Միեւնույն ժամանակ Վուկիչեւիչը գտնում է, որ Կոսովոն անկայուն տարածաշրջան է եւ այնտեղ անհրաժեշտ է ՄԱԿ-ի վարչական եւ ռազմական առաքելությունների ներկայությունը իշխանության ինստիտուտների եւ մարմինների հաջող զարգացման համար: «Մենք պատրաստ ենք իրավունք տալ Կոսովոյին ինքնուրույն պայմանագրեր կնքել ՀԲ-ի եւ ԱՀՄ-ի հետ` մարզում տնտեսական իրավիճակի բարելավման նպատակով վարկեր վերցնելու համար»,-ասել է դեսպանը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:



Հիշեցնենք, որ մարզի վերջնական կարգավիճակի մասին բանակցությունները Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ, որ շարունակվեցին Վիեննայում միջազգային միջոնրդությամբ 2006 թվականին, պայմանավորվածության չբերեցին: Արդյունքում ՄԱԿ-ի ԱԽ-ում այդպես էլ համաձայնեցման չներկայացվեց Կոսովոյի վերաբերյալ բանաձեւ:



Կոսովոյի վերջնական կարգավիճակի մշակման հարցը փոխանցվել է շփման խումբ, որտեղ ընդգրկվել են Ռուսաստանի, ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները: Շփման խումբը պետք է նախապատրաստի Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ ուղիղ բանակցությունների նոր փուլը: Շփման խմբի ներկայացուցիչների ուղեւորությունը Բելգրադ եւ Պրիշտինա կարող է տեղի ունենալ այս շաբաթվա վերջում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---