Քրդերի դեմ պայքարում Թուրքիան մտադիր է մինչեւ վերջ գնալ

PanARMENIAN.Net - Կիրակի օրը թուրքական ԶՈՒ-ի եւ քուրդ գրոհայինների բախման արդյունքում սպանվել է թուրքական բանակի 12 զինվոր: Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինների հարձակումից հետո շտապ կերպով Անկարա են կանչվել գեներալները: Նախագահի մոտ կայացած խորհրդակցությանը մասնակցել է նաեւ Թուրքիայի գերագույն ռազմական ղեկավարությունը: Թուրքիայի ղեկավարությունը սպառնացել է «ցանկացած գնով» հաղթել քուրդ գրոհայիններին, որոնք կիրակի օրը հարձակվել են թուրք զինվորականների խմբի վրա Իրաքի հետ սահմանի մոտ եւ սպանել 12 հոգի: Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դեմ պայքարում մինչեւ վերջ գնալու` ներառյալ ներխուժումը Իրաք, Թուրքիայի վճռականության մասին է ասվում վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հայտարարության մեջ, որն արվեց ուժային կառույցների ղեկավարության հետ արտահերթ խորհրդակցության ավարտին: ՔԱԿ-ի կողմից զոհվել են 32 գրոհայիններ: Խորհրդակցության ժամանակ քննարկվել է իրաքյան Քրդստանի տարածքում ՔԱԿ-ի ռազմակայաններին հարված հասցնելու հարցը, ինչի թույլտվությունը չորեքշաբթի տվել է թուրքական խորհրդարանը:



Էրդողանը հաղորդել է, որ ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը խնդրել է թուրքերին ձեռնպահ մնալ նման քայլերից, գոնե մի քանի օր: Նրա խոսքերով, դա վկայում է այն մասին, որ Վաշինգտոնը լուրջ է վերաբերվում Անկարայի կարծիքին: Էրդողանի մոտ կայացած խորհրդակցությունից հետո արված հայտարարությունը արված էր կոշտ տոնով, սակայն չէր նշվում, թե Թուրքիայի ներխուժումը տեղի կունենա մոտակա ապագայում:



Ինչպես ասվում է թուրքական կառավարության հայտարարության մեջ, որ հրապարակվել է կիրակի երեկոյան, «թեեւ Թուրքիան հարգում է Իրաքի տարածքային ամբողջականությունը, այն չի հանդուրժի նպաստումը ահաբեկչությանը եւ չի վարանի ցանկացած գին վճարել իր իրավունքները, իր անբաժանելի միասնությունը եւ իր քաղաքացիներին պաշտպանելու համար: Անջատողական ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարը համառ կլինի եւ մինչեւ վերջ կգնա»,-նշվում է փաստաթղթում:



Նշենք, որ Անկարան Իրաքում քրդական ռազմակայաններին հարվածներ հասցնելու կոչով դիմել է ամերիկյան եւ իրաքյան բանակներին: ԱՄՆ-ն ցանկանում է զերծ պահել Թուրքիային հապճեպ գործողություններին, քանի որ Քրդստանը այսօրվա դրությամբ գրեթե ամենահանգիստ վայրն է Իրաքում: Քրդական ինքնավարության առաջնորդ Մասուդ Բարզանին կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի կողմից հնարավոր հարձակմանը դիմադրություն ցուցյ տալու պատրաստակամության մասին: Ըստ Բարզանիի, Իրաքի քրդերը պատասխանատվություն չեն կրում ՔԱԿ-ի գործունեության համար եւ Թուրքիան պետք է կարգավորի հակամարտությունը խաղաղ ճանապարհով: Իր հերթին, Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին, որն ինքը էթնիկ քուրդ է, կոչ է արել ՔԱԿ-ի գրոհայիններին վայր դնել զենքը կամ լքել Իրաքի տարածքը, հաղորդում է BBC- ռուսական ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---