Թուրքիայում քրիստոնյա քարոզիչների սպանության համար մեղադրվողները կարող են դատապարտվել ցմահ բանտարկության

PanARMENIAN.Net - Յոթ երիտասարդ թուրքեր կանգնել են դատարանի առջեւ Թուրքիայի արեւելյան գավառում տարեսկզբին երեք քրիստոնյաների սպանության մեղադրանքով: Մալաթիայում մեղադրայլները դատարանում հայտարարել են, թե իրենց գործողություններով փորձում էին պաշտպանել Թուրքիային «երկրի պառակտմանն ուղղված հակաիսլամական դավադրությունից»: Նրանցից հինգին սպառնում է ցմահ բանտարկություն: Մյուս երկուսը մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության գործունեությանը մեղսակցության համար: Սակայն մեղադրայլների փաստաբանը գտնում է, որ նրան կհաջողվի նվազագույն պատժի հասնել իր պաշտպանյալների համար: Նրա խոսքերով, քրեական գործի հատորներից կեսը նվիրված է Թուրքիայի տարածքում սպանվածների քարոզչական գործունեությանը: Փաստաբանը մտադիր է պաշտպանության գիծը կառուցել, ելնելով նրանից, որ ցանկացած այլ մահմեդական երկրում նման գործունեությունը հանցագործություն է:



Թուրքիայում մնացել է շուրջ 100 հազար քրիստոնյա, ինչը երկրի բնակչության մեկ տոկոսից էլ քիչ է: Թուրք ազգայնականները համարում են, որ քրիստոնեական քարոզները եւ քրիստենյա գրականության տարածումը սպառնալիք են երկրում իսլամական հավատքի համար:



Տեղի քահանայի եւ Գերմանիայից ժամանած միսիոներների մարմինները գտնվել են դանակի բազմակի հարվածներով եւ կտրած պարանոցներով` բողոքական առաքելությանը պատկանող տպագրատան տարածքում, թուրքական Մալաթիա գավառում: Մալաթիայում բնակվում է բողոքականների մի փոքր համայնք: Կատարված հանցագործությունը ստիպեց շատերին լքել այդ վայրերը: Սպանության կատարման կասկածյալները 19-20 տարեկան են, եւ ձերբակալվել են հանցագործության վայրում: Սպանությունն այդ արեւելյան գավառում կատարվել է այն բանից մեկ տարի անց, երբ Թուրքիայի հյուսիսում սպանվեց կաթոլիկ քահանան, եւ ընդամենը մի քանի ամիս անց հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանությունից: Բոլոր դեպքերում կասկածյալները ազգայնական տիպի շարժումների անդամ հանդիսացող երիտասարդներ են, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---