Թուրքիայից հայերի զանգվածային մեկնումը դեռ խոսակցության առարկա չէ

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի, Մալաթիայում «Զիրվե» քրիստոնեական հրատարակչության աշխատակիցների սպանությունը, հարձակումները կաթոլիկ քահանաների վրա լուրջ անհանգստություն են առաջացնում Ստամբուլի հայ համայնքի շրջանում: Այդ մասին հայտարարել է հայկական համայնքի փաստաբան Դիրան Բակարը: Նրա խոսքերով, հայկական համայնքի անդամները պատրաստ են ամեն պահ լքել երկիրը իրենց սպառնող վտանգի պատճառով, հաղորդում է «Կավկազսկի ուզելը»:



Երեւանում «Ակոս» թերթի ներկայացուցիչ Թալին Սուջյանի խոսքերով, նման հայտարարությունները մշտապես են հնչում: «Դրանք պետք չէ լրջորեն ընդունել, քանի որ ոչ մի նոր բան դրանցում չկա: Բնականաբար, Հրանտ Դինքի սպանությունից հետո հայ համայնքը ապրում է մշտական վախի եւ լարվածության մթնոլորտում, սակայն հայերի զանգվածային մեկնումների մասին դեռ վաղ է խոսել»,- ասել է նա PanARMENIAN.Net ի թղթակցին: Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Ստամբուլի հայերը փորձում են խուսափել հավելյալ խնդիրներից Թուրքիայի իշխանությունների հետ:



Հիշեցնենք, որ Հրանտ Դինքն սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին «Ակոս»-ի խմբագրության գրասենյակի մոտ: Մարդասպանը` թուրք ազգայնական Օգյուն Սամասթը, ձերբակալվել է սպանությունից մի քանի ժամ անց: Դատը Սամասթի եւ 18 կասկածյալների նկատմամբ կվերսկսվի 2008 թվականի փետրվարի 2-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---