Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքական հետապնդում է որակել Գագիկ Ջհանգիրյանի ձերբակալման փաստը

PanARMENIAN.Net - Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում բացահայտ քաղաքական հետապնդում որակեց Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի ձերբակալման փաստը: «Գագիկ Ջհանգիրյանի ձերբակալության դրդապատճառները, ինձ թվում է, հասկանալի են. մարդը բացահայտ, լինելով պետական պաշտոնյա, աջակցություն հայտնեց ինձ, ուրեմն, սա բացահայտ քաղաքական հետապնդում է, երկրորդ, ունի այլ նպատակ` որպեսզի Ջհանգիրյանի օրինակով ահաբեկի մյուս պետական պաշտոնյաներին, որպեսզի չհետեւեն նրա օրինակին: Ես ունեմ մի երրորդ մեկնաբանություն, որի մասին կխոսեմ հետո»:



Այնուհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը հավելեց. «Ուղարկված է փաստաբան, փաստաբանին ներս չեն թողնում: Ես քիչ առաջ ի պաշտոնե, որպես Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու, դիմեցի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին` պահանջելով, քանի որ Ջհանգիրյանը իմ կողմնակիցն էր, աջակիցը եւ այստեղ էլ` Ազատության հրապարակում, ելույթ է ունեցել ի աջակցություն ինձ, պահանջեցի, որ նա այցելի այդ հիմնարկ եւ ապահովի ամբողջ օրինական ընթացակարգը եւ անպայման անի ամեն ինչ, որ փաստաբանը ներկա գտնվի այդ ընթացակարգին: Արմեն Հարությունյանը խոստացավ անմիջապես կատարել իմ այդ խնդրանքը»:



Պատասխանելով այն հարցին, արդյոք կարո՞ղ է վտանգ սպառնալ Գագիկ Ջհանգիրյանի կյանքին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա մոտ 3 տարի վարել է հոկտեմբերի 27-ի գործի քննությունը, առաջին նախագահ Տեր-Պետրոսյանն արձագանքեց. «Ես չեմ հավատում, սկզբում խոսակցություն կար, որ նրան կամ առեւանգել են կամ ձերբակալել: Առեւանգումը ինձ անհանգստացնում էր, հնարավոր էր նաեւ, որ ոստիկանի համազգեստով այդպիսի բան կատարվեր բանդիտների, քրեական տարրերի կողմից: Բայց ես հիմա շատ հանգիստ եմ, որ նա իրավական դաշտում է, իրավական դաշտում նրան ոչինչ չի սպառնում»:



Լեւոն Տեր-Պետրոսյանը դժվարացավ ասել` որքան կարող է անազատության մեջ լինել Գագիկ Ջհանգիրյանը. «Մեր հաղթանակի պարագայում դա մի քանի օրերի հարց է, եւ կաշխատենք հաղթենք, որ այդ հարցը շուտ լուծենք: Մյուս պարագայում` չգիտեմ»:



Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն տարված Գագիկ Ջհանգիրյանին գիշերը այցելել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, ըստ որի. «Ամեն ինչ նորմալ էր, հանգիստ, որեւէ խնդիր չկար, եւ զրույց էր գնում, քանի որ նրա կարգավիճակը դեռ որոշված չէր»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---