Պարզվել է Երեւանում մարտի 1-ին տեղի ունեցած անկարգությունների ժամանակ զոհված անձանց ինքնությունը

PanARMENIAN.Net - Պարզվել է Երեւանում մարտի 1-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ զոհված բոլոր 8 անձանց ինքնությունը, որոնք են` Զաքար Հովհաննիսյանը, Համլետ Թադեւոսյանը, Գոռ Քլոյանը, Դավիթ Պետրոսյանը, Տիգրան Խաչատրյանը, Գրիգոր Գեւորգյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Արմեն Ֆարմանյանը: Գլխավոր դատախազության մամլո ծառայությունը ճշտել է, որ Համլետ Թադեւոսյանը վաշտի հրամանատար էր: Նշվում է նաեւ, որ ոստիկանության շուրջ երեք տասնյակ աշխատակիցներ տարբեր աստիճանի ծանրության վերքեր են ստացել: Քննչական ծառայության հարուցած քրեական գործի սահմաններում պարզվում են «նշված անձանց մահվան հանգամանքները պարզելու, անկարգությունների հեղինակներին եւ իրականացնողներին, ավազակային հարձակմամբ կողոպտված գույքը հայտնաբերելու ուղղությամբ»:



«ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա համախոհների կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հրապարակային միջոցառման մասնակիցները եւ կազմակերպիչները, չենթարկվելով ոստիկանության օրինական պահանջներին` մայրաքաղաքում հրահրել են զանգվածային անկարգություններ, հրկիզել մասնավոր եւ պետական սեփականություն հանդիսացող ավելի քան երկու տասնյակ ավտոմեքենաներ, թալանել եւ ավերել Երեւանի քաղաքապետարանի հարեւանությամբ գտնվող Մոսկվայի տունը, շրջական խանութները, կոտրել Երեւանի քաղաքապետարանի եւ հարակից շինությունների ապակիներն ու դռները: Անկարգությունների մասնակիցները, դիրքավորվելով Գրիգոր Լուսավորիչի պողոտայում, կրկեսի, Ֆրանսիայի դեսպանատան, Երեւանի քաղաքապետարանի եւ Մետրոպոլ հյուրանոցի միջեւ ընկած տարածքում, զինված հրազենով, մահակներով, մետաղյա ձողերով, դյուրավառ հեղուկով լի տարաներով, զբոսայգուց քանդած սալահատիկների բեկորներով, հարձակումներ են գործել իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ: Անկարգությունները դադարեցվել են միայն արտակարգ դրություն հայտարարելուց հետո` ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության եւ Զինված ուժերի աշխատակիցների համատեղ ջանքերի շնորհիվ»,-նշվում է Գլխավոր դատախազության մամլո հաղորդագրության մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---