Չորս հայ խորհրդարանականներ զրկվել են պատգամավորական անձեռնմխելիությունից

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանը մարտի 4-ի արտահերթ նիստում որոշում է կայացրել Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին եւ Խաչատուր Սուքիասյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին, որից հետո հնարավոր կլինի ձերբակալել նրանց: Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը դիմել է միջնորդությամբ որպես խափանման միջոց այդ պատգամավորների դեմ կալանքը կիրառելու վերաբերյալ` նրանց որպես մեղադրյալների պատասխանատվության կանչելու համար:



Ինչպես նշել է Աղվան Հովսեփյանը, չհաշտվելով փետրվարի 19-ին կայացած ընտրությունների արդյունքների հետ, Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա կողմնակիցները կազմակերպեցին լայնածավալ միջոցառումներ, ուղղված բնակչության լայն շրջաններում ընտրությունների արդյունքների հանդեպ անվստահության ձեւավորմանը` կասկածի տակ առնելով դրանք, հարուցելով հասարակական դժգոհություն: «Փետրվարի 20-ից ի վեր, Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները 10 օր շարունակ խախտելով օրենքը զանգվածային հրապարակային միջոցառումներ, երթեր, շուրջօրյա հանրահավաքներ էին կազմակերպում Ազատության հրապարակում, որոնք խոչընդոտում էին մայրաքաղաքի կենսագործունեությանը: Հանրահավաքում ելույթ ունեցողները քաղաքացիական անհնազանդության, պետական մարմինների, մասնավոր ձեռնարկությունների եւ հաստատությունների աշխատանքը խափանելու, իրավապահ մարմիններին չհնազանդվելու կոչեր էին անում»,-ասել է դատախազը: Նրա խոսքերով, «ոստիկանությունն ու ԱԱԾ-ն հավաստի օպերատիվ տվյալներ էին ստացել այն մասին, որ Լ.Տեր-Պետրոսյանի կողմնակիցները մտադիր էին մարտի 1-ին սադրիչ գործողություններ կազմակերպել` հրահրելով զանգվածային անկարգություններ, եւ այդ նպատակով հանրահավաքի մասնակիցներին բաժանվել էին մեծ քանակով մահակներ, մետաղյա ձողեր, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ զենք եւ նռնակներ»: «Իրավիճակը վնասազերծելու նպատակով, մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանությունը օպերատիվ միջոցառումներ ձեռնարկեց զենքն առգրավելու համար: Սակայն համապատասխան միջոցառումներ անցկացնել թույլ տալու կոչին ի պատասխան ցուցարարները հարձակվեցին իրենց ծառայողական պարտքը կատարող ոստիկանների վրա»,-նշել է Հովսեփյանը:



Նրա խոսքերով, ամբոխից ոստիկանների վրա նետվեցին քարեր եւ այլ առարկաներ: Ստեղծված իրավիճակից դուրս գալու նպատակով օպերատիվ որոշում կայացվեց համապատասխան միջոցառումների մասին, որից հետո միայն ոստիկաններին հաջողվեց հաղթահարել դիմակայությունը: Այնուամենայնիվ, Ազատության հրապարակում սկսված զանգվածային անկարգությունները շարունակվեցին: Նույն օրը Լ.Տեր-Պետրոսյանի կողմնակիցների ղեկավարած ամբոխը տեղափոխվեց Ֆրանսիայի դեսպանատան մոտ` զինված հրազենով, մահակներով, մետաղյա ձողերով, պայթուցիկ նյութով տարաներով, մայթերի բեկորներով, հարձակում գործեց ոստիկանների վրա: Արդյունքում շուրջ 100 ոստիկանների հասցված են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, իսկ վաշտի հրամանատար Համլետ Թադեւոսյանը զոհվեց: Զանգվածային անկարգությունների մասնակիցները կոտրել են քաղաքապետարանի եւ մերձակա շինությունների ապակիները: Մարտի լույս 2-ի գիշերը հրկիզվել են 63 պետական եւ մասնավոր ավտոտրանսպորտային միջոցներ, այդ թվում շտապ օգնության մեքենաներ: Զանգվածային անկարգությունների արդյունքում զոհվեցին 8 մարդ, 165 հոգի, այդ թվում հարյուրավոր ոստիկաններ եւ զինվորականներ, ստացան մարմնական վնասվածքներ: Պետական, մասնավոր գործարարներին եւ քաղաքացիներին խոշոր վնաս է հասցվել: «Զանգվածային անկարգությունները հաջողվեց դադարեցնել միայն արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագահի հրամանագրից հետո եւ ոստիկանության, զինվորականների ու ԱԱԾ-ի համատեղ գործողությունների արդյունքում: Հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն»,-նշել է Հովսեփյանը: Նրա խոսքերով, ստացված ապացույցները բավարար են որպես մեղադրյալներ պատգամավորներ Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին ու Խաչատուր Սուքիասյանին պատասխանատվության կանչելու համար քրեական օրենսգրքի 225 հոդվածի 3 մասով (սպանությամբ ուղեկցվող զանգվածային անկարգություններ) եւ 300 հոդվածի 1 մասով:



ԱԺ արտահերթ նիստում վերոնշյալ չորս պատգամավորներից երկուսը` Սասուն Միքայելյանն ու Խաչատուր Սուքիասյանը ներկա չեն գտնվել: Օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում նրանց գտնվելու վայրը չի հաջողվել պարզել, հաղորդել է խորհրդարանի խոսնակ Տ.Թորոսյանը: Մ.Մալխասյանն ու Հակոբ Հակոբյանը, որոնք ավելի վաղ ձերբակալվել էին ոստիկանության կողմից, հանդես եկան ելույթով: Երկու պատգամավորներն էլ լիովին հերքեցին իրենց հասցեին հնչած մեղադրանքները, հայտարարելով, թե երբեք իշխանությունների դեմ կոչեր չեն հնչեցրել, այլ միայն ասել են թե միշտ կլինեն ժողովրդի հետ, ժողովրդի կողքին: Նշենք, որ Լ.Տեր-Պետրոսյանը, որին սատարում էին այդ պատգամավորները, իր գլխավորած շարժումն անվանում է «ժողովրդական»: Միջնորդությունը բավարարելու դեմ հանդես եկավ «Ժառանգություն» կուսակցությունը (կուսակցությունը սատարում է Լ.Տեր-Պետրոսյանին)` նշելով, որ դա քաղաքական հետապնդում է, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---