Վլադիմիր Պուտին. Անհրաժեշտ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը

PanARMENIAN.Net - ՀՀ նորընտիր նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւի կողմից երկրի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո նույնպես հայ-ռուսական հարաբերությունները կզարգանան բարեկամության եւ ռազմավարական համագործակցության ու գործընկերության ոգով եւ իրենց տրամաբանական շարունակությունը կունենան այն ամուր հիմքի վրա, որը դրվել է Վլադիմիր Պուտինի եւ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին: Այդ ամենի երաշխիքը, Սերժ Սարգսյանի համոզմամբ, երկու պետությունների միջեւ հարաբերությունների բարձր մակարդակն է, սերտ կապերն ու հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը: Իբրեւ ՀՀ նորընտիր նախագահ, Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանն այսուհետ եւս վարելու է Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունը խորացնելու եւ ընդլայնելու, երկու ժողովուրդների բարեկամությունն ամրապնդելու քաղաքականություն: Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը անդրադարձել են նաեւ Հայաստանի ետընտրական զարգացումներին: ՀՀ նորընտիր նախագահը ներկայացրել է մեր երկրի ներքաղաքական իրավիճակը եւ ընդգծել, որ Հայաստանի իշխանությունները վճռական են եւ ամեն ինչ անելու են երկրում կայունության հաստատման ու հասարակության համախմբման, հանդուրժողականության մթնոլորտի արմատավորման ուղղությամբ:



Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են հայ-ռուսական քաղաքական, ռազմատնտեսական եւ այլ ոլորտներում հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Վլադիմիր Պուտինը նշել է, որ անհրաժեշտ է շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման գործընթացը:



ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ նորընտիր նախագահի կողմից Հայաստանում ներքաղաքական խնդիրներն արագորեն կլուծվեն եւ մեկ անգամ եւս Ռուսաստանի իշխանությունների կողմից աջակցություն է հայտնել Հայաստանի իշխանություններին ու ժողովրդին` երկրում կայունության հաստատման եւ առկա դժվարությունների հաղթահարման գործում:



ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին` ջերմ ընդունելության եւ կառուցողական երկխոսության համար, վստահություն հայտնելով, որ այսօրվա հանդիպումը եւս կարեւոր քայլ կհանդիսանա ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ համագործակցության խորացման ու զարգացման գործում, հաղորդում է ՀՀ Կառավարության մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---