ՀՀ նախագահն ու «Գազպրոմի» նախագահը անդրադարձել են Հայաստանում նավթավերամշակման գործարանի կառուցմանը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերին, հաղորդում է Նախագահի մամլո ծառայությունը: Ողջունելով հյուրին, Հանրապետության նախագահն ասել է, որ ի դեմս «Գազպրոմի», Հայաստանն ունի կայուն եւ հեռանկարային գործընկեր: Երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ փոխգործակցությունն առաջիկայում ոչ միայն հաջողությամբ կզարգանա, այլեւ` կհամալրվի նոր բովանդակությամբ:



Կողմերը գոհունակությամբ փաստել են, որ վերջին տարիներին «Հայռուսգազարդն» աշխատում է բավականին արդյունավետ, ցուցանիշները տպավորչ են եւ փաստը, որ Հանրապետությունում էապես ավելացել է գազի սպառման ծավալը, վկայում է ոչ միայն այդ ընկերության, այլեւ` Հայաստանի տնտեսության կայուն զարգացման մասին: Որպես կարեւոր ձեռքբերում նշվել է նաեւ վերջին տարիներին բնակչության կողմից գազի սպառման ծավալների էական աճը: Ըստ Նախագահի, իրականացվող լայնածավալ գազիֆիկացման արդյունքում Հայաստանն այսօր աշխարհի ամենագազիֆիկացած երկրներից մեկն է:



Զրուցակիցները խոսել են նաեւ գազի սակագնի եւ գնագոյացման մասին: Ալեքսեյ Միլլերն ասել է, որ «Գազպրոմը» նախատեսում է 2011թվականին թե Ռուսաստան, եւ թե դուրս մատակարարվող գազի համար ապահովել հավասար եկամտաբերություն: Կողմերը պայմանավորվել են մինչեւ 2011թվականը գազի սակագնի փոփոխությունը համաձայնեցնել քայլ առ քայլ` հաշվի առնելով «Հայռուսգազարդում» «Գազպրոմ» ընկերության 72 տոկոս բաժնեմասն, ինչպես նաեւ Հայասատանի Հանրապետության սուբյեկտների համար ապահովել կանխատեսելիություն եւ մատչելություն:



Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ նավթավերամշակման գործարանի կառուցման շուրջ բանակցություններին, ինչպես նաեւ «Գազպրոմի» կողմից Հայաստանի էներգետիկ համակարգում իրականացվող այլ ներդրումային ծրագրերի ընթացքին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---