ՄԱԿ.Կիպրոսն իրական շանս է ստացել վերջնականապես լուծելու կղզու խնդիրները 7 հունիսի 2008 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Կիպրոսն իրական շանս է ստացել վերջնականապես լուծելու կղզու խնդիրները: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունի Կիպրոսի վերաբերյալ ԱԽ-ին արված զեկույցում: Զեկույցում ՄԱԿ-ի ղեկավարը խորհուրդ է տալիս ԱԽ-ին վեց ամսով երկարացնել ՄԱԿ-ի Կիպրոսում խաղաղության աջակցման զինված ուժերի մանդատը: «Այսօր կիպրոսցիները իրական շանսեր են ստացել վերջանականապես լուծելու կղզու խնդիրները: Առանձնակի գոհունակություն է առաջացնում այն փաստը, որ վերջին ամիսներին երկու ղեկավարները արդեն վճռական քայլեր են ձեռնարկել բանակցությունների վերսկսման ուղղությամբ, որոնք ուղղված են համապարփակ կարգավորմանը»,-ասվում է զեկույցում: Փաստաթղթում ասվում է, որ մայիսի 23-ին կայացած հանդիպմանը Կիպրոսի ղեկավարները հաստատեցին կարգավորման ընդհանուր հիմքերը` քաղաքական հավասարության հիման վրա երկու գոտիների երկհամայնքային դաշնություն ստեղծելու մասին: Նման գործընկերությունը պետք է հանգեցնի դաշնային պետության ձեւավորման` միասնական միջազգային ներկայացուցչությամբ: Այն նախատեսում է, որ այդ պետության կազմում կընդգրկվեն կիպրոսցի թուրքերի պետությունն ու կիպրոսցի հույների պետությունը, որոնք հավասար կարգավիճակ կունենան: «Ես գոհունակությամբ նշում եմ այն փաստը, որ երկու առաջնորդները ստանձնում են ամբողջական պատասխանատվությունը այդ գործընթացի համար եւ հավատարիմ են նրա իրականացմանը»,-ասվում է Պան Գի Մունի զեկույցում: ՄԱԿ-ի ղեկավարը կոչ է արել կողմերին պահպանել այժմյան դինամիկան եւ շարունակել նախապատրաստվել պաշտոնական բանակցություններին: Նա հաղորդել է նաեւ Կիպրոսի հարցով հատուկ խորհրդական նշանակելու մտադրության մասին, հաղորդում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |