Հայաստանը սահմանափակում է Թուրքիայի լիարժեք ազդեցությունը Հարավային Կովկասի երկրների վրա

PanARMENIAN.Net - «Թուրքիայի աշխարհառազմավարությունը կառուցվում է Վրաստանի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների խորացման եւ ամրապնդման, տարածաշրջանային գերտերության ազդեցության սահմանների որոշման, Ռուսաստանի հետ համագործակցության եւ Հայաստանի լիարժեք մեկուսացման սկզբունքների վրա»,- Երեւանում Կովկասի ինստիտուտի կողմից կազմակերպված «Թուրքիայի եւ Հայաստանի եվրաինտեգրման խնդիրները» կլոր սեղանի ընթացքում հայտարարել է ՀՀ ԳԱԱ-ի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:



Նրա կարծիքով, Հայաստանը սահմանափակում է Թուրքիայի լիարժեք ազդեցությունը Հարավային Կովկասի երկրների վրա: «Միեւնույն ժամանակ, հաջողությամբ առաջ են ընթանում հարաբերությունները երկու հարեւանների հետ: Վրաստանի հետ Թուրքիան համագործակցում է ոչ միայն տնտեսության, այլեւ, ինչը եւս կարեւոր է, ռազմական բնագավառում: Թուրքիան օգնել է Վրաստանին արդիականացնել ՌՕՈՒ կայանը Մառնեուլիում` հարմարեցնելով այն իր կարիքներին: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Թուրքիան առաջին տեղն է զբաղեցնում ապրանքաշրջանառության եւ նավթային հատվածում ներդրումների ծավալով: Անկարան նաեւ օգնում է Բաքվին եւ Թբիլիսիին կարգավորել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան եւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակատարերի պաշտպանությունը, որոնց պաշտպանության պատասխանատվությունը իրենց վրա են վերցրել ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն: Այս ամենը խոսում է այն մասին, որ դեռեւս թուրքական քաղաքականության փոփոխության կամ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման մասին խոսք լինել չի կարող: Թուրքիայի վրա այդ հարցում ճնշում է նաեւ Օսմանյան կայսրության պատմական բեռը»,- ընդգծել է Սաֆրաստյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---