Արա Գոչունյան. Հայկական հարցի ընգրկումը ռուս-թուրքական բանակցությունների օրակարգում «եզակի երեւույթ է»

PanARMENIAN.Net - Ստամբուլի «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը «եզակի երեւույթ» որակեց այն փաստը, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Անկարա այցի առիթով «նման զգալի շեշտով բարձրաձայնվում է, որ ռուս - թուրքական բանակցությունների ընթացքում օրակարգի վրա պիտի գա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը եւ Հայաստան - Թուրքիա հարաբերությունների բնականոնացման գործընթացի հեռանկարները»:



Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Անկարա է ժամանել երեկ: Այցի շրջանակներում` երկկողմ հարաբերություններից, Իրանի միջուկային ծրագրից զատ, նախատեսվում է քննարկել նաեւ հայ - թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության հետ կապված խնդիրներ:



«Բնականաբար, այստեղ մի կարեւոր մանրամասնություն էլ կա` Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, որ վերջերս Մոսկվա պաշտոնական այց կատարեց, հայ - թուրքական հարաբերությունների տեսակետից իսկապես շատ ուշագրավ, այսպես կոչված` օրակարգ որոշող հայտարարություններով հանդես եկավ, այդ [Հայոց ցեղասպանության փաստերն ուսումնասիրող պատմաբանների] հանձնաժողովի նկատմամբ իր դրական վերաբերմունքը արտահայտեց: Սերժ Սարգսյանի կողմից այդ հայտարարությունն էլ Մոսկվայում կատարված լինելով` Լավրովի Անկարա այցելության շեմին, կարեւոր նշանակություն ունեցավ», - կարծում է Արա Գոչունյանը:



Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հայտարարությանը թուրքական կողմի արձագանքին` «Ժամանակ»-ի խմբագիրը նշեց. - «Ի նկատի ունենալով, որ հենց այդ համատեղ հանձնաժողովի ստեղծման գաղափարը հենց թուրքական կողմն է առաջադրում, ըստ երեւույթին, արդեն այդ ուղղությամբ պատրաստակամություն արտահայտելու առաջնահերթ հարցը թուրքական կողմին չի վերաբերում. գոնե Անկարայի հաշվարկներով` այդպես է երեւի»:



Արա Գոչունյանը դժվարացավ նաեւ կանխատեսել, թե արդյոք Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը կգա՞ Երեւան` դիտելու Հայաստան - Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը. - «Այսօրվա դրությամբ դժվարանում եմ ասել, ի նկատի ունենալով, որ արտգործնախարարության բանբերը նշեց, որ երբ այդ հրավերը պաշտոնապես հասնի` կքննարկվի», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:



Հիշեցնենք, որ օրերս Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Մոսկվայում Հայաստանի նախագահը հայտարարել է, որ Հայաստանը դեմ չէ պատմական հանձնաժողովի ձեւավորմանը, սակայն միայն հայ-թուրքական սահմանի բացումից հետո: Սերժ Սարգսյանը մոտ ապագայում մտադիր է նոր քայլեր ձեռնարկել Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: «Ամենայն հավանականությամբ, ես կհրավիրեմ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին Երեւան Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլային հավաքականների հանդիպումը միասին դիտելու համար»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---