Մարի Յովանովիչ. ԱՄՆ դեսպանատները Երեւանում եւ Անկարայում օգտագործում են ցանկացած հնարավորություն Հայաստան-Թուրքիա երկխոսության հաստատման համար

PanARMENIAN.Net - «Անկարայում ԱՄՆ դեսպանատունը համագործակցում է Թուրքիայի կառավարության հետ 1915 թվականի ողբերգական իրադարձությունների ուսումնասիրության նպատակով: Բացի այդ, ԱՄՆ դեսպանատները Երեւանում եւ Անկարայում օգտագործում են ցանկացած հնարավորություն Հայաստան-Թուրքիա երկխոսության հաստատման համար»,- հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի թեկնածու Մարի Յովանովիչը, պատասխանելով սենատոր Բարակ Օբամայի գրավոր հարցերին, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA): Մարի Յովանովիչի խոսքերով, ԱՄՆ վարչակազմը աշխատում է International Visitor Program-ի իրականացման համար հիմք ստեղծելու ուղղությամբ, որի շրջանակներում Թուրքիայի պետական արխիվների աշխատողները կժամանեն Ամերիկա, որպեսզի ծանոթանան ԱՄՆ-ում պատմության ուսումնասիրության մեխանիզմներին: Դեսպանի պաշտոնի թեկնածուն նաեւ նշել է, որ այդ ծրագրին մասնակցելու համար հրավիրված են նաեւ հայ մասնագետները, ու կազմակերպիչները հուսով են, որ այդ նախաձեռնությունից հետո հայ եւ թուրք աշխատակիցները կկարողանան համատեղ աշխատել այդ խնդրի կարգավորման համար:



Պատասխանելով սենատորի հարցին` արդյոք ԱՄՆ Պետդեպարտամենտը գոհ է Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածում արված փոփոխություններից` Մարի Յովանովիչը նկատել է, որ ԱՄՆ վարչակազմը պարզաբանել է թուրք կառավարությանը, որ խոսքի ազատության դեմ ուղղված նման գործողությունները հակասում են ԵՄ անդամ դառնալու Թուրքիայի ձգտմանը:



«Թուրքիայում խոսքի ազատության շրջանակները, այդ թվում հայկական հարցը, էապես ընդլայնվել են վերջին տարիներին, սակայն ակնհայտ է, որ շատ բան դեռ պետք է արվի»,- ընդգծել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի թեկնածուն, հավելելով, որ վարչակազմը կողմ է 301-րդ հոդվածի վերացմանը:



«ԱՄՆ վարչակազմը պաշտպանում է թուրքական կառավարության ձգտումը շարունակել առաջխաղացումը եւ դադարեցնել հետապնդումները քաղաքացիների նկատմամբ իրենց կարծիքը հայտնելու համար»,- նշել է Մարի Յովանովիչը: Հիշեցնենք, որ հայ համայնքն արդեն իր դժգոհությունն է հայտնել Մարի Յովանովիչի պատասխանների առումով:



«Մեզ անհանգստացնում են Մարի Յովանովիչի խուսափողական պատասխանները, այն, որ նա կտրականապես հրաժարվեց որեւէ ընդունելի հիմնավորումներ տալ ԱՄՆ վարչակազմի սխալ քաղաքականությանը Հայոց ցեղասպանության հարցում»,- հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նրա խոսքերով, Ամերիկայի հայ համայնքը երբեք թույլ չի տա Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակել մի մարդու, ով հերքում է Հայոց ցեղասպանության փաստը:



Մենք վտանգում ենք մեր վարկանիշը, երբ պահանջում ենք բարձրաստիճան դիվանագետներին ստել կամ թաքցնել ճշմարտությունը ելնելով մեր արտաքին քաղաքականությունից: Հայոց ցեղասպանության հերքման քաղաքականությունը, որի մասին խոսում են բոլորը, թուրքական կառավարության ճնշման արդյունք է, եւ այն խաթարում է մեր վստահությունը»,- նշել է Համբարյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---