Turkish Daily News. Սերժ Սարգսյանի եւ Աբդուլլա Գյուլի հնարավոր հանդիպումը կարող է բերել «հարաբերությունների ջերմացման»

PanARMENIAN.Net - Որպեսզի «ֆուտբոլային դիվանագիտությունը» հաջողվի, Հայաստանը պետք է փոխի իր տեսակետը հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը վերաբերող երեք հիմնական կետերի առումով: Այդ մասին հայտարարել է Ռազմավարական հետազոտությունների միջազգային կենտրոնի (USAK) պրոֆեսոր Քամեր Քաշիմը: Ինչպես գրում է Turkish Daily News-ը, Թուրքիայի գլխավոր պահանջը «Արեւմտյան Հայաստան» տերմինի վերացումն է 1990թ. օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի Անկախության հռչակագրից եւ ժամանակակից Թուրքիայի սահմանների ճանաչումը: «Երկրորդ պահանջը հայ զինված ուժերի դուրսբերումն է Լեռնային Ղարաբաղից, եւ ,վերջապես, երրորդը` Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման արշավից հրաժարվելն է»,- ասաց Քաշիմը: Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ «ֆուտբոլային դիվանագիտությունը» չի կարող համեմատվել 1971թ. ԱՄՆ-ում նախաձեռնածի հետ, երբ կազմակերպվեց սեղանի թենիսի «դիվանագիտական» խաղ Չինաստանի հետ: «Այդ ժամանակ դա «սառը պատերազմում» շրջադարձային պահ եղավ եւ բերեց երկու գերտերությունների միջեւ փոխզիջման, ինչը չի նկատվում Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերություններում»,-ասաց թուրք փորձագետը:



Իր հերթին, Կոչ համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Ֆուատ Կեյմանը նշեց, որ Սերժ Սարգսյանի եւ Աբդուլլա Գյուլի հնարավոր հանդիպումից մեծ սպասումներ չկան, սակայն «հնարավոր է հարաբերությունների ջերմացում»: «Կան ներքին դժվարություններ, որոնք երկկողմանի երկխոսության հնարավորությունը նեղացնում են: Դժվար թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կարող է հիմք դառնալ դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար: Նախագահ Սարգսյանը, ինչպես նաեւ իր շրջապատը, ծնունդով Ղարաբաղից են: Նույնիսկ եթե ինքը հարաբերություններում առաջընթաց ցանկանա, ապա պայմանավորվածությունները գաղտնի կլինեն եւ կհրապարակվեն վերջին վայրկյանին: Կա նաեւ այլ ոլորտ: Հայաստանը հայտարարում է, որ պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը առանց նախապայմանների: Դա ընդամենը քարոզչություն է, որովհետեւ Թուրքիան պայմաններ ունի: Մենք դեռեւս Երեւանի կողմից քաղաքականությունը փոխելու ոչ մի հստակ առաջարկ չենք տեսնում: Իսկապես պարզ չէ` արդյոք սեպտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահը կմեկնի Երեւան` Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների միջեւ ֆուտբոլային խաղին, թե` ոչ»,- նշում են թուրք փորձագետները:



Լեռնային Ղարաբաղի անկախության համար մղվող պատերազմի պատճառով 1993թ. հայ-թուրքական սահմանը փակվեց Թուրքիայի կողմից:



1990թ. օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի Անկախության մասին հռչակագրի ներածականում ասված է. «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը` արտահայտելով Հայաստանի ժողովդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջեւ համայն հայության իղձերի իրականացման եւ պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից եւ միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, հռչակում է.



Հռչակագրի Կետ 11-ում նշված է. Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---