Հայաստանի եւ Բուլղարիայի տնտեսական համագործակցությունը զիջում է քաղաքական երկխոսության մակարդակին11 դեկտեմբերի 2008 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովի հրավերով այսօր մեկնարկել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի երկօրյա պաշտոնական այցը Բուլղարիա: Նախագահի ղեկավարած պաշտոնական պատվիրակության կազմում են արտաքին գործերի, մշակույթի, էկոնոմիկայի, տրանսպորտի եւ կապի նախարարարները, պաշտոնական այլ անձինք եւ հայտնի բուլղարուհի լրագրող Սվետլանա Պասկալեւան: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել նախագահի մամլո ծառայությունում, Սոֆիայում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո նախագահ Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին, որին հաջորդել են երկու երկրների նախագահների առանձնազրույցը եւ ընդլայնված կազմով բանակցությունները: Հանդիպումների ընթացքում Սերժ Սարգսյանը եւ Գեորգի Պրվանովը բարձր են գնահատել երկու երկրների միջեւ առկա քաղաքական երկխոսության մակարդակը: Երկու երկրների նախագահները նշել են, որ տնտեսական համագործակցությունը եւ, ընդհանուր առմամբ, ապրանքաշրջանառությունը, որը կազմում է շուրջ 150 միլիոն դոլար, հետ են մնում քաղաքական երկխոսության մակարդակից եւ անհրաժեշտ քայլեր պետք է ձեռնարկվեն ինչպես ապրանքաշրջանառության կառուցվածքի վերափոխման, այնպես էլ տնտեսական փոխգործակցության հետագա զարգացման ուղղությամբ: Երկու երկրների նախագահները բարձր են գնահատել երկկողմ եւ բազմակողմ շրջանակներում հայ-բուլղարական համագործակցությունը: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Բուլղարիայի նախագահին եւ ասել է, որ պատմության տարբեր դժվար փուլերում բուլղար ժողովուրդը լավ է վերեբերվել, լավ է ընդունել մեր հայրենակիցներին, ովքեր կարողացել են լիովին ինտեգրվել երկրի կյանքին: Բուլղարիայի նախագահը եւս բարձր է գնահատել բուլղարահայկական հարաբերությունները եւ նշել է, որ երկու ժողովուրդների միջեւ առկա վստահության բարձր աստիճանը թույլ է տալիս նոր ծրագրեր ձեռնարկել ընդգրկուն բովանդակությամբ: Նախագահները նշել են, որ երկու ժողովուրդները պատմական շատ ընդհանրություններ, ընդհանուր խնդիրներ ունեն եւ շատ դեպքերում նաեւ միասին են դիմակայել մարտահրավերներին: Հայաստանի Հանրապետության նախագահը ընդգծել է, որ երկու երկրները ունեն նաեւ ընդհանուր ապագա եւ այդ ապագան կառուցված է երկու ժողովուրդների կողմից դավանած ընդհանուր արժեքների վրա, որոնք են քրիստոնեական արժեքները, ժողովրդավարական արդի համակարգը, ազատականությունը, ինչը թույլ է տալիս նայել առաջ: Երկու երկրների ղեկավարները գոհունակությամբ արձանագրել են առկա լավ իրավապայմանագրային դաշտը: Երկու երկրների միջեւ գործում են շուրջ հիսուն պայմանագրերը, որոնք այսօր համալրվել են եւս չորս փաստաթղթերով, որոնցից մեկը վերաբերում է 2009թ-ին Հայաստանում Բուլղարիայի մշակույթի օրերի եւ 2010թ-ին Բուլղարիայում Հայաստանի մշակույթի օրերի կազմակերպման ու անցկացման ծրագրին: Ստորագրված մյուս երեք փաստաթղթերը վերաբերել են քաղաքացիական ծառայության, պետական կառավարման ոլորտում համագործակցությանը, երկու երկների միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելուն, ինչպես նաեւ ազգային արխիվների բնագավառում համագործակցությանը: Երկու երկրների նախագահները ընդգծել են գործադիր իշխանության մարմինների եւ գործարար շրջանակների համագործակցության խթանումը եւ նշել են, որ վաղը Սոֆիայում անցկացվելիք բիզնես ֆորումը լավ հնարավորություն կընձեռնի գործարարներին ծանոթանալու, ուսումնասիրելու եւ համատեղ ծրագրեր կյանքի կոչելու համար: Երկու երկների նախագահները կարեւորել են տրանսպորտային բնագավառում համագործակցությունը: Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովը բարձր է գնահատել ու ողջունել է հայ-թուրքական երկխոսությունը եւ հույս է հայտնել, որ հայ-թուրքական սահմանի բացումը շատ օգտակար կլինի նաեւ բուլղարական կողմ համար: Երկու նախագահները այդ հարցում համակարծիք են եղել եւ նշել են, որ, իրոք, սահմանի բացման դեպքում տրանսպորտային, ավտոճանապարհային հաղորդակցության հնարավորություն կստեղծվի Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւուղիղ կապով: Հայաստանի նախագահը ներկայացրել է նաեւ Հայաստանի մտադրությունը` Հայաստան-Իրան երկաթուղագիծ կառուցելու հետ կապված: Երկուստեք կարեւորվել է նաեւ օդային տրանսպորտային հաղորդակցություն իրականացնելու անհրաժեշտությունը: Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրել է հաջորդ տարի ապրիլին Բուլղարիայում անցկացվելիք էներգետիկ ֆորումին: Բուլղարիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել` աջակցելու արեւելյան գործընկերության ծրագրերի շրջանակներում փորձի փոխանակման եւ փորձագիտական օժանդակություն ցույց տալու առումով: Հայաստանի Հանրապետության նախագահը Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովին փոխանցել է շնորհակալական նամակ, որով հայ ժողովրդի անունից երախտագիտություն է հայտնվում Բուլղարիայի իշխանություններին եւ ժողովրդին 1988թ-ի դեկտեմբերի 7-ին Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո օգնության ձեռք մեկնելու համար: Հայաստանի Հանրապետության նախագահը հարյուրց ավելի երկրների ղեկավարների շնորհակալական նամակներ է ուղղել, որտեղ երախտագիտության խոսք է ասում հայ ժողովրդի անունից երկրաշարժին հաջորդած շրջանում մեր երկրին ցուցաբերած օժանդակության համար: Այնուհետեւ երկու երկրների նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ եւ պատասխանել են լրագրողների հարցերին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |