Կրքեր Թուրքիայի նախագահի ազգային պատկանելության շուրջ. Գյուլին առաջարկում են ԴՆԹ-թեստ հանձնել

PanARMENIAN.Net - Թուրքիայի ընդդիմական Հանրապետական ազգային կուսակցության անդամ Ջանան Արիթմանը, որը վերջերս կտրուկ քննադատության էր ենթարկել նախագահ Աբդուլլա Գյուլին եւ ակնարկել, որ նախագահի մայրը ազգությամբ հայ է, Գյուլին առաջարկում է ԴՆԹ-թեստ հանձնել, որպեսզի հաստատի իր էթնիկական պատկանելությունը: «Այսօր մարդու էթնիկական պատկանելությունը որոշում են ոչ թե նրա տոհմածառի ուսումնասիրությամբ, այլ` ԴՆԹ-թեստի միջոցով: Օսմանյան Թուրքիայում բոլոր նորածիններին, որոնք իրականում մուսուլմաններ չէին, հատկացվում էին փաստաթղթեր, որոնցում ասվում էր, որ նրանց հայրերը մուսուլմաններ են: Ուստի, ոչ ոք չի կարող ապացուցել իր էթնիկական պատկանելությունը տոհմածառի միջոցով»,- հայտնել է Ջանան Արիթմանը:



Խոսելով այն մասին, որ Գյուլն արդեն դատարան է դիմել Արիթմանի առնչությամբ դատական հետաքննություն սկսելու հայցով` ընդդիմական կուսակցության անդամը նշել է, որ դա նախագահի իրավունքն է, եւ ինքն անհրաժեշտության դեպքում փաստաթղթեր եւ վկայություններ կներկայացնի Գյուլի մոր հայկական ծագման մասին, հաղորդում է թուրքական Hurriyet թերթը:



Վերջերս Ջանան Արիթմանը քննադատության է ենթարկել նախագահ Աբդուլլա Գյուլի վերաբերմունքը «Հայե'ր, ներե'ք մեզ» քարոզարշավի հանդեպ: Նրա խոսքերով, քարոզարշավի կազմակերպիչներին ոգեշնչել է Գյուլի այցը Հայաստան: Բացի այդ, պատգամավորը ակնարկել է, որ երկրի նախագահի մայրը ազգությամբ հայ է: «Մենք տեսնում ենք, որ նախագահը օժանդակում է այդ քարոզարշավին: Աբդուլլա Գյուլը պետք է ոչ թե իր էթնիկական արմատների հետեւորդ, այլ հանրապետության նախագահ լինի, նոր թուրք ազգության առաջնորդ: Պարզեք նախագահի էթնիկական արմատները մայրական գծով եւ ինքներդ կտեսնեք»,- հայտնել է Արիթմանը:



Նախագահ Աբդուլլա Գյուլը, ի պատասխան տարածված լուրերին իր մոր հայկական ծագման մասին, հայտարարել է, որ իր նախնիները եւ մայրական, եւ հայրական կողմից զտարյուն թուրքեր եւ մահմեդականներ են եղել: Իմ մայրը սերում է Աաթօղլուների ընտանիքից, որն ապրել է Կայսերիի շրջանում: Այնտեղից է նաեւ իմ հայրը: Ես, անշուշտ, հարգում եմ Թուրքիայի բոլոր քաղաքացիների էթնիկ ծագումը, ընտանեկան կապերը: Նրանք բոլորը հավասար իրավունքներ եւ պարտավորություններ ունեն, ինչպես ասվում է երկրի Սահմանադրության մեջ: Ես հպարտանում եմ մեր երկրով, որը հասել է գիտակցության նման մակարդակի»,-հայտարարել է Աբդուլլա Գյուլը:



Բացի այդ, Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի իրավաբանը դատարան է դիմել պատգամավոր Ջանան Արիթմանի դեմ քրեական գործ հարուցելու հայցով: «Իր քաղաքական շահերից դրդված Արիթմանի տարածած ասեկոսեները, կասկած են հարուցել թուրք առաջնորդի հանդեպ: Նրա հայտարարությունները, որոնք հիմնված են ռասիզմի եւ խտրականության վրա, լուրջ վնաս են հասցրել Աբդուլլա Գյուլի ընտանիքի եւ անձի հեղինակությանն ու վարկին»,- ասվում է Թուրքիայի նախագահի իրավաբան Օմեր Քյուչուքոզքանի հանրագրում: Դրանում նաեւ ընդգծվում է, որ Աբդուլլա Գյուլը հանդիսանում է Թուրքիայի բոլոր քաղաքացիների նախագահը եւ միշտ բացեիբաց արտահայտել է իր դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների հարցում` ինչպես Թուրքիայում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս: «Իմ պաշտպանյալի դիրքորոշումը խեղաթյուրված է: Բացի այդ, հասարակությանը փորձում էին ներկայացնել, որ, իբր, Աբդուլլա Գյուլը օժանդակում է հասարակության որոշակի հատվածի նախաձեռնությունը, քանի որ նախագահի մայրը հայկական արմատներ ունի: Իհարկե, անհնար է փոխհատուցել այն վնասը, որ հասցվել է իմ հաճախորդի հեղինակությանը, բայց, այնուամենայնիվ, մենք պահանջում ենք, որպեսզի տարածված հաղորդումը հերքվի»,- ասվում է Թուրքիայի նախագահի իրավաբանի հանրագրում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---