Իսրայելի համար Հայոց ցեղասպանություն ճանաչելը կնշանակի հավասարեցնել այն Հոլոքոստի հետ, իսկ նման քայլի հրեաները երբեք չեն գնա

PanARMENIAN.Net - «Որպեսզի Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում, նա պետք է խիստ վիրավորվի Թուրքիայից»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ժամանակակից Մերձավոր Արեւելքի հետազոտման Սանկտ Պետերբուրգի կենտրոնի առաջատար վերլուծաբան, պատմական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Սոտնիչենկոն: Նրա խոսքով, Իսրայելն այդ հարցում հիմնավոր դիրքորոշում ունի. Հոլոքոստ, այսինքն` Ցեղասպանություն, իրագործվել է միայն հրեաների հանդեպ, այն ամենը, ինչ վերապրել են մնացած ժողովուրդները, համեմատելի չէ դրա հետ: «Ուստի Իսրայելի համար Հայոց ցեղասպանություն ճանաչելը կնշանակի հավասարեցնել այն Հոլոքոստի հետ, իսկ նման քայլի հրեաները երբեք չեն գնա: Կա եւս մեկ գործոն, ճիշտ է, ոչ այնքան կարեւոր: Իսրայելում գրեթե չկա հզոր հայկական համայնք, ինչպես, ասենք, ԱՄՆ-ում»,- նշել է Սոտնիչենկոն:



Նա նաեւ ասել է, որ ԱՄՆ-ն այժմ պատրաստ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Եթե Թուրքիան վառ հակաամերիկյան քաղաքականություն վարի, ապա ԱՄՆ-ն կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ճիշտ է, դեռեւս պարզ չէ, թե ինչ կարելի է սպասել Բարակ Օբամայից, որովհետեւ նա բոլորովին այլ նախագահ է, որպիսին Ամերիկան դեռեւս չի ունեցել: Եւ Ամերիկայում շատ հզոր հայկական համայնք կա, որը մեծ կշիռ ունի Վաշինգտոնի իշխանական միջանցքներում: Բայց հենց որ Օբաման դուրս բերի զորքերը Իրաքից եւ պայմանագիր կնքի Իրանի հետ, ինչը կնշանակի ԱՄՆ-ի աստիճանական հեռացումը Մերձավոր Արեւելքից, այնժամ թուրք-ամերիկյան հարաբերությունները կբարելավվեն: Բնականաբար, այդ առումով ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ակնկալելը շատ բարդ կլինի»,- ընդգծել է ռուս փորձագետը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---