Թուրքիայի վարչապետը սկանդալով լքել է Դավոսը

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը ցուցադրաբար լքել է Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի նիստը Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի ելույթից հետո: «Ես այլեւս չեմ մասնակցի այս համաժողովին: Ինձ համար Դավոսն ավարտված է: Այսուհետ ես այստեղ այլեւս չեմ գա»,-ասել է թուրք վարչապետը եւ լքել է հանդիպման վայրը: Ելույթ ունենալով մամլո ասուլիսում միջադեպից հետո` Էրդողանը հայտարարել է, որ իր զայրույթն է հարուցել այն, որ Իսրայելի նախագահին ելույթի համար տրամադրել են 25 րոպե, իսկ իրեն ընդամենը 10-15 րոպե:



Սկանդալային նիստին բացի Իսրայելի նախագահից ու Թուրքիայի վարչապետից ներկա էին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, Արաբական երկրների լիգայի առաջնորդ Ամր Մուսան, քննարկումների համակարգող Washington Post-ի թղթակից Դեւիդ Իգնատիուսը:



Նույն օրը Թուրքիայի վարչապետը վերադարձել է Ստամբուլ, որտեղ նրան հանդիսավոր ընդունելություն էր սպասում Աթաթուրքի օդանավակայանում: Հազարավոր մարդիկ վանկարկում էին. «Թուրքիան հպարտանում է ձեզանով», «Դուք աշխարհի առաջնորդն եք», ծածանում էին թուրքական եւ պաղեստինյան դրոշները, գրում են թուրքական ԶԼՄ-ները:



Թուրքիան կոշտ հակաիսրայելյան դիրքորոշում որդեգրեց Գազայի տարածքում անցկացվող «Ձուլածո արճիճ» գործողության ժամանակ` մեղադրելով Իսրայելին խաղաղ բնակիչների սպանության մեջ: Մինչ 2008 թվականի դեկտեմբերը Թուրքիան ու Իսրայելը ռազմավարական գործընկերներ ու դաշնակիցներ էին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---