Հայաստանը մտադիր է շարունակել իր քայլերը` Եգիպտոսի հետ հարաբերությունների խորացման համար

PanARMENIAN.Net - Եգիպտոս կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է իր եգիպտացի գործընկեր Աբու Ալ-Ղեյդի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների զարգացման, միջազգային կազմակերպություններում համագործակցության հետ կապված հարցերի լայն շրջանակ: Երկուստեք շեշտվեց, որ պետությունների միջեւ առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, եւ տնտեսական ու մշակութային համագործակցության ընդլայման լուրջ ներուժ: Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը մտադիր է շարունակել քայլերը տարածաշրջանում իր կարեւոր գործընկերոջ` Եգիպտոսի Արաբական Հանրապետության հետ համակողմանի հարաբերությունների խորացման ուղղությամբ: «Հայաստանը, աշխարհաքաղաքական առումով մոտ լինելով մերձավորարեւելյան տարածաշրջանին, մեծապես շահագրգռված է այնտեղ խաղաղության ու կայունության հաստատմամբ: Այս ենթատեքստում Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց Եգիպտոսի դերը` մերձավորարեւելյան խնդիրների խաղաղ կարգավորման գործընթացում»,- նշել է Նալբանդյանը:



Նախարարներ Նալբանդյանն ու Ալ-Ղեյդը մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում անվտանգության ապահովման եւ ամրապնդման խնդիրների շուրջ: Հայաստանի եւ Եգիպտոսի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները գոհունակությամբ նշեցին իրենց ղեկավարած նախարարությունների միջեւ ակտիվ համագործակցությունը եւ պարբերաբար անցկացվող խորհրդատվությունների արդյունավետությունը:



Էդվարդ Նալբանդյանը հրավիրեց Ահմադ Աբու Ալ-Ղեյդի այցելել Հայաստան: Հայաստանի եւ Եգիպտոսի արտգործնախարարները ստորագրեցին համաձայնագիր ՀՀ կառավարության եւ ԵԱՀ կառավարության միջեւ դիվանագիտական, ծառայողական կամ հատուկ անձնագիր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից երկկողմ ազատման մասին:



Նախարարների հանդիպումից հետո Հայաստանի արտգործնախարարը ճեպազրույց ունեցավ եգիպտացի լրագրողների հետ: Եգիպտոսի արտգործնախարարը իր Հայաստանի գործընկերոջ պատվին պաշտոնական ճաշ տվեց:



Եգիպտոսի միջազգային համագործակցության նախարար Ֆայզա Աբուլնաղայի հետ Էդվարդ Նալբանդյանը քննարկեց այս տարվա ընթացքում Երեւանում կայանալիք հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի նիստին վերաբերող հարցեր:



Փետրվարի 23-ի երեկոյան Էդվարդ Նալբանդյանը ջերմ եւ անմիջական հանդիպում ունեցավ Եգիպտոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը ծավալուն հարցազրույց տվեց արաբական աշխարհի ամենահեղինակավոր թերթերից մեկին` Կահիրեում հրատարակվող Ալ-Ահրամին:



Փետրվարի 24-ին Էդվարդ Նալբանդյանը մեկնեց Հորդանան, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---