ԵՄ երկրները գտնում են, որ 600 մլն եվրոն չափազանց շատ է «Արեւելյան գործընկերության» համար

PanARMENIAN.Net - ԵՄ երկրները դժգոհություն են հայտնել «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության իրականացման համար 600 մլն եվրո հատկացնելու Եվրահանձնաժողովի մտադրության առնչությամբ: ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարների Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել է նախաձեռնության բյուջեն: Նշվել է, որ Եվրամիությունը չափազանց շատ ֆինանսներ է հատկացնում արեւելյան գործընկերներին, այն դեպքում, երբ հարավային գործընկերներին աջակցության ծավալները չափզանց համեստ են:



Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ընդգծել է, որ պաշտոնական Բեռլինը դեմ է նախաձեռնության բյուջեի ավելացմանը: Սակայն Գերմանիայի ու Լեհաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումից հետո լեհ նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ Գերմանիան ֆինանսապես կաջակցի նախագծին: Իր հերթին Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Բերնար Քուշները առաջարկել է կրճատել բյուջեն մինչեւ 250 մլն եվրո, այդպիսով նախաձեռնության յուրաքանչյուր մասնակցին հատկացնելով տարեկան 15 մլն եվրո: «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության բյուջեն վերջնականապես կհաստատվի ԵՄ-ի մարտի 19-20 կայանալիք գագաթնաժողովում, հաղորդում է theews.pl-ն:

Դեռեւս դեկտեմբերին Եվրահանձնաժողովը որոշեց, որ բացի առաջարկվող 250 մլն եվրոյից, Եվրահանձնաժողովը լրացուցիչ 350 մլն եվրո կհատկացնի նախաձեռնության իրագործման համար:



Եվրամիության 27 անդամ երկրների առաջնորդները դեկտեմբերի 3-ին հավանություն տվեցին Եվրոպական անվտանգության ռազմավարությանն ու «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությանը: Նախաձեռնությունն ուղղված է Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի ու Բելառուսի հետ առավել սերտ համագործակցության հաստատմանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---