Վահագն Չախալյանը Վրաստանի նախագահին մեղադրում է Ջավախքի հայերի խտրականության մեջ

PanARMENIAN.Net - Վրացական բանտում գտնվող «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք» քաղաքական շարժման ղեկավար Վահագն Չախալյանը բաց նամակ է հղել Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլիին, որում նշվում է, որ Վրաստանի անկախացումից հետո Գամսախուրդիայի եւ Շեւարդնաձեի վարչակարգերը որդեգրեցին Ջավախքի խնդիրների արհամարման եւ զավախքահայերին անջատողական ընկալելու ու այդ երեւակայական անջատողականությունը ճնշելու քաղաքականություն:



«Դուք նույնպես, ցավոք սրտի, շարունակեցիք Ձեր նախորդների անհեռատես քաղաքականությունը` ջավախքահայությանը ներկայացնելով որպես երկրի ամբողջականության համար հույժ վտանգավոր տարր, իսկ այն հանգամանքը, որ Ջավախքը դեռ չի անջատվել, վերագրեցիք Ձեր ճկուն նախազգուշական միջոցառումներին: Ամբողջ աշխարհով մեկ Դուք սկսեցիք թմբկահարել, որ ջավախքահայերին համահավասար եւ «ինտեգրված» քաղաքացի լինելու համար բացակայում է միայն վրացերենի իմացությունը, սակայն այդ «կամակոր» եւ «երախտամոռ» քաղաքացիներն իրենց համառությամբ տապալում են պետության կողմից ձեռնարկվող լեզվի ուսուցման բազմամիլիոնանոց ծրագրերը... Հավատացե'ք, որ եթե ցանկություն կա սովորելու, ապա ցանկացողին չի կարող խոչընդոտել ոչ մի հանգամանք: Եվ ընդհակառակը, եթե նման ցանկություն չկա, ապա ո'չ մի գումար, ո'չ մի պարտադրանք, ո'չ մի ճնշում չեն կարողանա 21-րդ դարում մարդուն ստիպել անելու այն, ինչ իր կամքին հակառակ է: Վատագույն դեպքում նա կբռնի բողոքի եւ արտագաղթի ճանապարհը... Ուստի, պետք է ձեռնարկել միջոցներ, որպեսզի Վրաստանում բնակվող յուրաքանչյուր ազգային փոքրամասնության ներկայացուցիչ անհրաժեշտություն զգա տիրապետելու վրացերենին: Բայց որպեսզի նման պետք առաջանա, անհրաժեշտ է Վրաստանում բնակվող բոլոր ժողովուրդների հավասարությունը, օրենքի գերակայությունն ու ազատությունը երաշխավորող գործնական քայլեր ձեռնարկել: Գլխավորը սա է»,- ասվում է Չախալյանի նամակում:



Նա նաեւ գտնում է, որ Վրաստանի նախագահը բանտի, դատախազության, ոստիկանության եւ դատարանի նոր շենքեր կառուցելուց, զինվորական ոստիկանության եւ շրջանային ոստիկանների թիվը կրկնապատկելուց, հատուկ ծառայությունների տեղական կառույցները հզորացնելուց, ինչպես նաեւ ջավախքահայության իրավունքների` այսինքն տարածաշրջանի իրական, այլ ոչ թե ձեւական եւ ժամանակավոր կայունության համար պայքարող անձանց հետապնդելուց եւ արտաքսելուց բացի ուրիշ ոչինչ չի կարողացել առաջարկել ջավախքահայությանը:



«Մեծագույն սխալ էր նաեւ Ջավախքը մահակի տակ պահելու տեսանկյունից առանցքային հանդիսացող Ախալքալաքի ոստիկանապետի պաշտոնում մեծ եւ փոքր սադրանքներ կազմակերպելու ընդունակություններով օժտված մարդու նշանակումը եւ նրան ջավախքահայությունը «սանձի տակ» պահելու անսահմանափակ լիազորություններով օժտելը: Արդյոք, Ձեզ համար պարզ չէր, որ հալածանքների միջոցով կարելի է հասնել լոկ կարճաժամկետ «հաջողությունների», իսկ երկարաժամկետ առումով դրանք միմիայն ավելացնելու են ջավախքահայության մեջ անվստահության եւ օտարման երեւույթները վրացական իշխանությունների նկատմամբ: Մինչեւ ե՞րբ պիտի շարունակվի Ձեր նախորդներից Ձեզ ժառանգած այս քաղաքականությունը: Ժամանակը չէ՞, արդյոք, լծվելու ջավախքահայությանը հուզող քաղաքական, լեզվա-մշակութային, կրթական եւ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման կարեւոր առաքելությանը, թեկուզ աստիճանաբար` քայլ առ քայլ... Հերիք չէ, արդյոք, որ կենտրոնական իշխանության ներկայացուցիչները մասնավոր զրույցներում ազգային փոքրամասնությունների խնդիրների լուծման բնագավառում իրենց անգործության գլխավոր «մեղավոր» հռչակեն երկրի մեծամասնություն` տիտղոսակիր ազգի դիմադրությունը: «Մեծամասնությունը» վերջին 20 տարիների տխուր փորձից ելնելով ունի մտավախություններ, սակայն նա շատ լավ, անգամ իշխանություններից էլ լավ է գիտակցում, որ կորուստներ միգուցե չլինեին, եթե Ցխինվալի դպրոցներում ժամանակին չարգելվեր օսերենով դասավանդումը... Ջավախքահայությանը պատրաստ է երկխոսության: Մենք դեռեւս հույս ունենք, որ ստիպված չենք լինելու երկու բարեկամ ժողովուրդներին վերաբերող խնդիրների լուծումները վաղը փնտրել եվրոպական եւ միջազգային ատյաններում: Մնում է, միայն մեկ բան` որպեսզի Դուք ընդունեք այդ երկխոսության հրավերը»,- ընդգծում է Վահագն Չախալյանը PanARMENIAN.Net ուղարկված նամակում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---