Վրաստանի նախագահն ավելի ճշգրիտ է արտահայտվել, քան վրացական ԶԼՄ-ները

PanARMENIAN.Net - Օգոստոսի 23-ին Վրաստանի Ախալցխայի շրջանի Սխվիլիսի գյուղում տեղի է ունեցել այդ գյուղում Էրզրումից հայերի վերաբնակեցման 180-ամյակին նվիրված միջոցառում: Այդ իրադարձության առնչությամբ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Սխվիլիսի գյուղի բնակիչներին շնորհավորական ուղերձ էր հղել, որում հույս էր հայտնել, որ գյուղացիները վրացիների հետ միասին կշարունակեն վրացական պետականության կառուցումը փոխադարձ հարգանքի եւ աշխատասիրության հիման վրա:



Նույն օրը մի շարք վրացական ԶԼՄ-ներ, անդրադառնալով տվյալ թեմային, հաղորդել էին, որ «Սխվիլիսին» այն գյուղն է, ուր արքեպիսկոպոս Կարապետ Բագրատունու առաջնորդությամբ վերաբնակություն էին հաստատել Թուրքիայից փախած հայերը: Հենց այդ հայերի սերունդներն են բնակվում Վրաստանի Ախալցխայի, Ախալքալաքի, Ասպինդինի շրջաններում»: Նաեւ նշվել էր, որ Սխվիլիսիիում տեղի ունեցած միջոցառումը մասշտաբային բնույթ է կրել, որին մասնակցել են ինչպես շրջանի ղեկավարները, այնպես էլ բարձրաստիճան պաշտոնյաներ Թբիլիսիից եւ Հայաստանից:



Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց Վրաստանում Հայաստանի դեսպանության աշխատակից Գարիկ Իսրայելյանը, միջոցառմանը մասնակցել են Վրաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները, ինչպես նաեւ պատմաբաններ Հայաստանից: Նրա խոսքերով, Հայաստանի պաշտոնատար անձինք այդ միջոցառմանը ներկա չեն եղել: Նա նաեւ պարզաբանել է, որ «Վրաստանի նախագահի ուղերձը վերաբերում էր միայն Սխվիլիսի գյուղի բնակիչներին, այլ ոչ Սամցխե-Ջավախեթիի բոլոր հայերին»:



«Ջավախք» կոմիտեի ղեկավար, պատմաբան, ՀՀ ԱԺ-ի պատգամավոր Շիրակ Թորոսյանը, PanARMENIAN.Net ի խնդրանքով մեկնաբանելով վրացական ԶԼՄ-ների «համալրված հաղորդագրությունը, նշել է, որ Սխվիլիսի գյուղում, իրոք 180 տարի առաջ, համաձայն Թուրքմենչայի պայմանագրի, վերաբնակեցվել են Էրզրումի հայերը: Սակայն իրականությանը չի համապատասխանում տեղեկությունն այն մասին, որ հենց այդ վերաբնակիչների սերունդներն են կազմում Վրաստանի Ախալցխայի, Ախալքալաքի, Ասպինդինի շրջանների ներկայիս հայ բնակչությունը»: Թորոսյանն ընդգծել է, որ հայերը Ջավախքում բնակվել են 4-րդ դարից, եւ այդ երկրամասում բնակվող հայերի մասին հիշատակվում է XIII դարի «Կարտլիս ցխովրեբա» տարեգրության մեջ, այսինքն, վրացական ԶԼՄ-ներում նշված ժամկետից շատ ավելի վաղ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---