Հայաստան եւ Թուրքիա. պայմանագիրը կնքվել է, սակայն կվավերացվի այն արդյո՞ք

PanARMENIAN.Net - Շաբաթ օրը Ցյուրիխում Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի միջնորդությամբ «դարակազմիկ» պայմանագիր են կնքել հարաբերությունների կարգավորման ու դիվանագիտական շփումների վերականգնման վերաբերյալ: Անգլալեզու ԶԼՄ-ներն այդ նորությունն ընկալել են զգուշավոր լավատեսությամբ:



Պայմանագրի կնքմանը նախորդել են ինտենսիվ դիվանագիտական ջանքերը, որ տեւեցին շուրջ մեկ տարի, հիշեցնում է Ռոբերտ Թեյթը The Guardian-ում: Փաստաթղթի ստորագրման արարողությունը մինչեւ վերջին պահը ձախողման վտանգի տակ էր` կողմերի միջեւ տարաձայնություններ առաջացան կոմյունիկեի որոշ ձեւակերպումների հարցում: Ի վերջո, դրանք հաստատվեցին Հիլարի Քլինթոնի աջակցությամբ:



Ինչպես գրում է The Financial Times-ի թղթակիցն Անկարայում, պայմանագրի վավերացումն երկու երկրներում կբարդանա մի շարք խոչընդոտների առումով, որոնք կապված են նաեւ Ադրբեջանին առնչվող ղարաբաղյան հարցի հետ, որի մասին համաձայնագրում բառ անգամ չկա: Ինչպես պարզաբանում է FT-ն, Թուրքիան պայմանագիր կնքելով Հայաստանի հետ, մտադիր է միանգամից մի քանի նապաստակ սպանել` ազդեցություն ձեռք բերել Կովկասում, դյուրացնել իր անդամակցումը ԵՄ-ին եւ «մեղմել այն հավերժ սպառնալիքը, որ ամերիկացի օրենսդիրները ցեղասպանություն կճանաչեն 1,5 մլն հայերի զանգվածային սպանությունը 1915թ. Օսմանյան կայսրության օրոք»:



Հայաստանը Ցյուրիխի պայմանագրից ակնկալում է տնտեսական իրավիճակի բարելավում, իսկ Թուրքիան «ձգտում է դառնալ բնական պաշարներով հարուստ Ռուսաստանն ու Կասպից ավազանի երկրները Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի հետ կապող նավթագազային միջանցք», որի համար ցանկալի է, որ Անկարան լուծի իր սահմանային վեճերը, ասվում է The Christian Science Monitor-ի խմբագրական հոդվածում: Վավերացման հեռանկարները պարբերականն անվանում է «անորոշ», նշելով, որ Հայոց ցեղասպանության մասին վիճաբանությունը մինչ այժ սառեցված վիճակում է: CSM կանխատեսում է, որ երկու երկրներում գոյություն ունեցող ազգայնական շարժումները կաշխատեն խափանել կարգավորման գործընթացը: Սակայն եթե համաձայնագիրը հավանության արժանանա երկու երկրների խորհրդարաններում, դա կհանգեցնի մի շարք բարդ խնդիրների լուծմանը Կովկասում եւ, ավելին, «Կիպրոսի հարցի» լուծմանը, այդ դեպքում Գյուլն ու Սարգսյանը կկարողանան հավակնել 2010թ. Նոբելյան խաղաղության մրցանակին, գտնում է պարբերականը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---