Թուրքական դատարան. Հեռախոսազրույցին ականջ դնելն արդարացված է

PanARMENIAN.Net - Թուրքիայի Բարձրագույն բողոքարկման դատարանը վճռեց, որ հեռախոսազրույցին ականջ դնելը չի կարող դիտարկվել որպես գաղտնիության խախտում, եթե դա շահեկան է հասարակությանը: Դատարանի այդ որոշումը վերաբերում է Էրհան Թունջելի հեռախոսազրույցին, ում դերը 2007թ. հունվարին հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագրության շենքի դիմաց սպանված թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործում դեռ պետք է որոշվի: Ոստիկանության սպա Միհիթին Զենիթի հեռախոսազրույցը Թունջելի հետ մամուլ է թափանցել, եւ Զենիթը հատուցում է պահանջել իր անձնական կյանքին միջամտելու համար:



«Մամուլը պատասխանատվություն է կրում հասարակության տեղեկացման եւ ուսուցման համար: Դրա համար հիմնական սկզբունքը հասարակական շահն է: Հեռախոսազրույցի հրապարակումը տվյալ դեպքում կարեւոր նշանակություն ունի հասարակության համար: Դրա տարածումն ուղղված է հասարակական շահին եւ չի խախտում հայցվորի իրավունքները»,- ասվում է դատարանի վճռում, գրում է թուրքական Today's Zaman թերթը:



Հրանտ Դինքը սպանվեց թուրք ազգայնական Օգյուն Սամաստի կողմից 2007թ. հունվարի 19-ին «Ակոս»-ի խմբագրության շենքի դիմաց: Սպանության գործով մեղադրվում է «Էրգենեկոն» ուլտրաազգայնական կազմակերպությունը, որի առնչությամբ ներկայումս Թուրքիայում դատավարություն է ընթանում:



«Էրգենեկոնը» թուրքական ուլտրաազգայնական կազմակերպություն է: Այն իրենից ներկայացնում է քեմալիստական ուղղվածության գաղտնի կազմակերպություն, որի անդամ են Թուրքիայի զինված ուժերի եւ անվտանգության մարմինների որոշ բարձրաստիճան ղեկավարներ: «Էրգենեկոնի» մեջ մտնող բարձրաստիճան թուրք զինվորականներն ու քաղաքական գործիչները մեղադրվում են պետական հեղաշրջման փորձի համար: Որոշ փորձագետներ ենթադրում են, որ կազմակերպության գլխավոր նպատակը իսլամիստների արգելումն է եւ վերադարձը քեմալիզմին, այսինքն բարձրաշխարհիկ Թուրքիային: «Էրգենեկոնին» կասկածում են հանուն ժողովրդավարական Թուրքիայի քրդամետ կուսակցության որոշ ղեկավարների, ինչպես նաեւ Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկի եւ մի շարք տեղական լրագրողների մահափորձի կազմակերպման մեջ: Համարվում է նաեւ, որ «Էրգենեկոնը», հնարավոր է, մասնակցություն է ունեցել «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությանը 2007թ. հունվարին: Բոլոր վերը նշված մարդիկ, ազգայնականների կարծիքով, վնաս են հասցնում Թուրքիայի զարգացման ուղղությանը, որն ընտրել է Քեմալ Աթաթուրքը եւ խեղաթյուրում երկրի ինքնությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---