ԱՄՆ-ի հրեական լոբբին կարող է խանգարել Թուրքիային

PanARMENIAN.Net - Եթե Թուրքիան չի ցանկանում կախյալ մնալ իրեն զայրացրած հրեական լոբբիից, ապա նա պետք է որքան հնարավոր է արագ վավերացնի Արձանագրությունները: Այդ մասին հայտարարել է թուրք վերլուծաբան Օմեր Թաշպինարը: Ըստ նրա, նախկինում Թուրքիան Իսրայելի հետ իր հարաբերությունները դիտարկում էր ԱՄՆ հրեական լոբբիի տեսանկյունից, քանի որ այդ լոբբիի կարիքն ուներ, որն իրեն հակադրում էր ԱՄՆ-ի հունական եւ հայկական լոբբիներին: «Սակայն վերջերս իրավիճակը փոխվեց: «Զրոյական խնդիրներ հարեւանների հետ» վերջերս Թուրքիայի որդեգրած քաղաքականության շրջանակներում Անկարայի համար զգալիորեն նվազեցրեց ԱՄՆ հրեական լոբբիի դերը: Եթե Երեւանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ Անկարայի հետ սահմանի բացման հարցում Անկարան արագ քայլեր չձեռնարկի, ԱՄՆ-ի հայկական լոբբին կսկսի առաջ մղել Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը: Իսկ եթե Թուրքիան չի ցանկանում այդ հարցում կախյալ մնալ իրեն զայրացրած հրեական լոբբիից, ապա նա պետք է որքան հնարավոր է արագ վավերացնի Արձանագրությունները»,-ասել է Թաշպինարը:



Նա նաեւ նշել է, որ եվրոպացի գիտնականներն ու լրագրողները սկսել են ավելի շատ հետաքրքվել Թուրքիայի մերձավորարեւելյան քաղաքականությամբ, քան ԵՄ-Թուրքիա բանակցային գործընթացով: «Արեւմտյան փորձագետների մի մասը հակված է կարծել, որ Թուրքիայի Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ հավասարակշռված արտաքին քաղաքականությունը բխում է բացառապես նրա ազգային շահերից: Ընդհանուր առմամբ, Անկարան, ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հետ հարաբերությունների բոլոր «հավկիթները մեկ զամբյուղում» պահելու փոխարեն, արդեն իսկ տարածաշրջանային ուժի տպավորություն է թողնում, որը նայում է դեպի Արեւմուտք եւ Արեւելք եւ միեւնույն ժամանակ, պլատֆորմ ստեղծում Ռուսաստանի հետ համագործակցության համար»,-ասել է Թաշպինարը, գրում է «Սաբահ» թերթը:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին:



Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը ներկայացվել է ԱՄՆ 110-րդ գումարման Կոնգրեսում 2007թ. հունվարի 31-ին Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ-կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից: Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց թիվ 106 բանաձեւին, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետո դրեց Պալատում եւ Սենատում կայանալիք ամբողջական քվեարկության վրա:



2009թ. բանաձեւը կրկին ներկայացվեց Կոնգրեսում Ադամ Շիֆի եւ Մարկ Քըրքի կողմից: Ներկայումս թիվ 252 բանաձեւն արդեն 134 կողմնակից ունի Ներկայացուցիչների պալատում: Նմանատիպ բանաձեւ է ներկայացվել նաեւ Սենատում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---