Հայոց ցեղասպանության 95-ամյա տարելիցի նախաշեմին Թուրքիան կրկին սպառնում է ԱՄՆ-ին

PanARMENIAN.Net -
ԱՄՆ-ում Թուրքիայի նոր դեսպան Նամիկ Թանը ԱՄՆ Կոնգրես ներկայացված Հայոց ցեղասպանության մասին բանաձեւն «անհիմն» անվանեց եւ հայտարարեց, որ Անկարան «իր դաշնակից ԱՄՆ-ից որեւէ թշնամական քայլեր» չի սպասում: Թուրք դիվանագետը նման հայտարարություն արեց Անկարայում թուրք-ամերիկյան հարաբերություններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ:



Ինչպես նշեց Թանը, Թուրքիան պատմական քայլի է գնացել` ստորագրելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները: Նրա խոսքով, ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի քննարկումն ու ընդունումն անցանկալի լարվածության կհանգեցնի Անկարայի եւ Վաշինգտոնի հարաբերություններում, հաղորդում է Asbarez.com-ը:



Մեկնաբանելով Թուրքիայի դեսպանի հայտարարությունները` Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի` ԱՀԴՀ տնօրեն Արամ Համբարյանը հայտնեց հետեւյալը. «Թուրք դեսպանի առաջին հրապարակային մեկնաբանությունը հիասթափության ոգով էր, որ թուրքական կառավարությունն այդպես էլ չկարողացավ հասնել իր հիմնական նպատակին, հանուն որի Անկարան ստորագրեց Արձանագրությունները` դադարեցնել ԱՄՆ-ում եւ ողջ աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը»:



Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը ներկայացվել է ԱՄՆ 110-րդ գումարման Կոնգրեսում 2007թ. հունվարի 31-ին Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ-կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից: Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 27 «կողմ» եւ 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց թիվ 106 բանաձեւին, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետո դրեց Պալատում եւ Սենատում կայանալիք ամբողջական քվեարկության վրա:



2009թ. բանաձեւը կրկին ներկայացվեց Կոնգրեսում Ադամ Շիֆի եւ Մարկ Քըրքի կողմից: Ներկայումս թիվ 252 բանաձեւն արդեն 134 կողմնակից ունի Ներկայացուցիչների պալատում: Նմանատիպ բանաձեւ է ներկայացվել նաեւ Սենատում:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ վճիռը հայտնում է. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:



Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը` ԱՀԴՀ ԱՄՆ հայ համայնքի խոշորագույն եւ առավել ազդեցիկ կազմակերպություններից մեկն է: Գործելով ԱՄՆ-ի ողջ տարածքում եւ համագործակցելով աշխարհի մյուս Հայ դատի հանձնախմբերի հետ, այն ակտիվորեն առաջ է մղում Ամերիկայի հայ համայնքի շահերը, այդ թվում նաեւ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: ANCA-ն Առաջին աշխարհամարտից հետո Վահան Քարդաշյանի հիմնադրած Անկախ Հայաստանի ամերիկյան կոմիտեի (ACIA) իրավահաջորդն է: Քարդաշյանը Վաշինգտոնում Օսմանյան կայսրության հյուպատոսն է եղել: ACIA -ն ուներ 23 շրջանային գրասենյակներ ԱՄՆ-ի 13 նահանգներում: ANCA-ի ղեկավարն է Քեննեթ Խաչիկյանը, գործադիր տնօրենն է` Արամ Համբարյանը:



Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:



Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին եւ արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---