28 հունվարի 2010 - 15:49 AMT
PanARMENIAN.Net -
Մեծ հավանականություն կա, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանների բացման եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնությունը ցեղասպանության մեղադրանքներից եւ տարածքների զավթման մասին մեղադրանքներ ներկայացնող երկար վեճերից հետո կարող է ձախողվել: Այս մասին գրում է The Wall Street Journal ամսագիրը` «Հայ-թուրքական պայմանագիրը խոչընդոտների է դեմ առել»:
Թերթի մեկնաբանի կարծիքով Հայաստանը պնդում է, որպեսզի արագորեն վավերացվեն 2009 թ. հոկտեմբերին ստորագրված արձանագրությունները, իսկ Թուրքիան չի շտապում այդ անել: Հունվարի 27-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ավելի սրեց իրավիճակը` հայտարարելով, որ վստահ է, թե Թուրքիան չի վավերացնի այդ արձանագրություններն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը իր զավթած ադրբեջանական տարածքները` ընդհուպ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը չվերադարձնի:
«Տարածաշրջանում փոխհամաձայնությունը վերաբերում է այն հարցին, որ Հայաստանը պետք է առաջին քայլն անի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, հայտարարել է պրն Ալիեւը Դավոսում տեղի ունեցած համաշխարհային տնտեսական համաժողովի կուլուարներում Wall Street Journal թերթին տված հարցազրույցի ընթացքում: Նա ընդգծել է, որ «միանգամայն բավարարված է» այդ հարցում Թուրքիայի մոտեցումից, թեեւ նախկինում նա խիստ քննդատել էր Թուրքիային: «Եթե այդ երկու հարցերը փոխկապակցված չլինեն, ապա Հայաստանը կսառեցնի բանակցություններն Ադրբեջանի հետ (Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ), նշել է պրն Ալիեւը: Նա նաեւ գտնում է, որ տնտեսական ճնշումը կարեւորագույն խթան է Հայաստանին ստիպելու, որպեսզի նստի բանակցությունների սեղանի շուրջ: Պրն Ալիեւը նախկինում հանդես էր եկել նախազգուշացմամբ, որ այդ տարբերակը կարող է հանգեցնել պատերազմի վերսկսման:
Թուրք առաջնորդները, այդ թվում նաեւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմաթիվ անգամ հայտարարել են, որ սահմանի բացումն ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը փոխկապակցված են: Առայժմ 15 տարի շարունակվող խաղաղ բանակցությունների առաջխաղացման ոչ մի նախանշան չկա: Ընդ որում, Թուրքիայի դիրքորոշումը դեռեւս հստակ չէ: Տարածքային վեճը չի հիշատակվում անցյալ տարի հոկտեմբերին ստորագրված արձանագրություններում: Թուրք պաշտոնյաները գրում են, որ գոյություն չունեն ժամանակավոր սահմանափակումներ, այդ գործընթացը կարող է շարունակվել մեկ եւ, եթե պետք լինի, նաեւ ավելի երկար տարիներ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն նույնպես հայտնել է իր դժգոհությունը Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման առիթով:
Անցյալ տարվա գարնանը երկու կողմերը պատրստել էին արձանագրությունների նախագծեր, որոնցում նախատեսվում էին` սահմանի բացում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում, ինչպես նաեւ 1915 թ. Օսմանյան կայսրությունում 1.5 մլն էթնիկ հայերի սպանությունների հարցն ուսումնասիրելու համար պատմաբանների համատեղ հանձնաժողովի ստեղծում: Օսմանյան կայսրության այն հատվածը, որտեղ տեղի են ունեցել նշված սպանությունները, այսօր հարավային Թուրքիայի տարածք է համարվում: Այդ զանգվածային սպանությունները Հայաստանը, ինչպես նաեւ շատ պատմաբաններ դիտարկում են որպես ցեղասպանություն: Սակայն թուրք ղեկավարները վերջին պահին հրաժարվեցին ստորագրել այդ փաստաթղթերը` հանդիպելով պրն Ալիեւի կտրուկ, ինչպես նաեւ այդ համաձայնագրերի դեմ Թուրքիայում ապրող շատ հակառակորդների դիմադրությանը», - գրում է WSJ-ը:
Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Դեռեւս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձեւեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձեւեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:
Հայոց ցեղասպանությունը ճանաչվել եւ դատապարտվել է աշխարհի շատ երկրների եւ ազդեցիկ միջազգային կազմակերպությունների կողմից: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել եւ դատապարտել է Ուրուգվայը 1965թ.: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման եւ փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Բելգիան, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Կանադան, Վատիկանը, Ավստրալիան, ԱՄՆ-ի 44 նահանգները:
Բելգիայում եւ Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչեւ 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:
Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաեւ մի շարք ազդեցիկ ԶԼՄ-ներ` The New York Tumes-ը, BBC-ին, The Washington Post-ը, THe Associated Press-ը:
Հայոց ցեղասպանության ճանաչումը պարտադիր պայման է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար:
Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին եւ արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:
Հունվարի 25-ին Սոչիում կայացավ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը: Նախագահների հանդիպումից հետո հայտարարությամբ հանդես եկավ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ով հաղորդեց բանակցությունների արդյունքների մասին: Նրա խոսքով, նախագահների հանդիպումը բավական արգասաբեր էր: Ընդ որում, նա նշեց, որ հանդիպման գլխավոր ձեռքբերումն այն էր, որ կողմերը համաձայնեցին վերանայել եւ խմբագրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր այն կետերը, որոնք իրենց համար անընդունելի են համարվում:
Ինչպես հաղորդեց բանակցային գործընթացին մոտ բարձրաստիճան աղբյուրը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Սոչիում քննարկված համաձայնագրի նախաբանում արձանագրվել է բանակցությունների հաջորդ փուլում ԼՂՀ մասնակցության անհրաժեշտությունը: Նախաբանում ամրագրվել է նաեւ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի առաջնահերթությունը: