Թուրքիայի համար ԵՄ առաջ քաշած պայմանները դատարկ նախադրյալներ են, համարում է Էրդողանը

PanARMENIAN.Net -
Եվրամիությունը Թուրքիայի հետ բանակցությունների ընթացքում այնպիսի պայմաններ է առաջ քաշում, որ չի անի որեւէ այլ երկրի հետ հարաբերություններ հաստատելիս: Առաջ քաշած բոլոր պայմաններն ընդամենը դատարկ նախադրյալներ են: Այս մասին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: Էրդողանի խոսքերի համաձայն, Թուրքիայի ԵՄ անդամ դառնալու գործընթացն սկսվել է 1954 թվականից, իսկ 1963 թ. պաշտոնական հայտ է ներկայացրել:



«Գործընթացը ձգվում է արդեն 50 տարի եւ այս ամբողջ տարիների ընթացքում Թուրքիան իր հայտի պատասխանին է սպասում: 50 տարի առաջ ԵՄ կազմի մեջ մտնում էին ընդամենը 15 երկիր, իսկ այսօր արդեն դրանց թիվը հասել է 27-ի: Ոչինչ, մենք համբերատար ենք: Մենք կջանանք լավ սովորել մեր դասերը եւ առաջ կտանենք գործընթացը, իսկ դա կտեւի այնքան ժամանակ, մինչեւ որ Թուրքիային ասեն` քեզ չենք ընդունում: Այսպիսի որոշումից հետո մենք ինքներս կգտնենք ելքը: Առայժմ նույնպիսի վճռականությամբ ու վստահորեն շարունակելու ենք մեր ուղին», - ընդգծել է Թուրքիայի վարչապետը:



Այն հարցին, թե Թուրքիան ե՞րբ է մտադիր փոխհատուցել Թուրքիայից տեղահանված բուլղարներին` կրած նյութական վնասը, եւ արդյոք ի վիճակի՞ է վճարել 10-12 մլրդ դոլար, Էրդողանը պատասխանել է, որ Բուլղարիայի հայցի վերաբերյալ դատական գործընթացը դեռեւս շարունակվում է: «Անկարան գործելու է դատարանի վճռի համաձայն», - նշել է նա, այս մասին գրում է Haberler-ը:



Թուրքիան սկսել է ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները 2005 թվականին: ԵՄ-ի նախատիպը հանդիսացող Եվրոպական տնտեսական ընկերակցության հետ Թուրքիան 1963 թ.-ն ստորագրել է պայմանագիր, որում ճանաչվում էր միությանը անդամակցելու երկրի իրավունքը:



1978-1979թթ. Թուրքիային Հունաստանի հետ միասին հրավիրում էին անդամակցել ԵՏԸ-ն, սակայն Թուրքիան հրաժարվեց:



1980 թ-ի ռազմական հեղաշրջումից հետո Եվրոպան կասեցրեց իր հարաբերությունները Անկարայի հետ: Բանակցությունները վերսկսվեցին միայն 1983 թ-ց հետո: Այնուամենայնիվ, 1997 թ-ն կայացած գագաթնաժողովին ԵՄ-նը հրաժարվել է Թուրքիային ճանաչել ԵՄ-ն անդամակցելու թեկնածու: Այդ իրավունքը նա ստացավ միայն 2000 թ-ն այն պայմանով, որ երկիրը կբարելավվի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի օրենսդրությունը: 2002 թ-ի օգոստոսին Թուրքիայի խորհրդարանը հաստատել է բարեփոխումների ծրագիրը: Եվ 2004 թ-ի հոկտեմբերին Եվրահանձնաժողովը հավանություն տվեց Թուրքիայի ԵՄ-ն անդամակցության վերաբերյալ բանակցությունների մեկնարկին:



Թուրք-եվրոպական հարաբերությունները բարդանում են նրանով, որ Թուրքիան չի ցանկանում ճանաչել Կիպրոսի անկախությունը, որը 2004 թ-ն անդամակցում է ԵՄ-ը: 1974 թ-ն Թուրքիան օկուպացիայի է ենթարկել կղզու հյուսիսային մասը, եւ այդ ժամանակից ի վեր նրա կառավարությունը չի ճանաչում հարավային կառավարության`հունական մասի լեգիտիմությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---