30 հունվարի 2010 - 18:00 AMT
PanARMENIAN.Net -
Վաթսուն «կողմ» ձայներով եւ 11 ձեռնպահների արդյունքում ԵՄ արտաքին քաղաքականության գծով կոմիտեն ընդունեց Եվրոպական խորհրդարանի կողմից պատրաստված զեկույցի նախագիծը` նվիրված Թուրքիայի ու ԵՄ հարաբերություններին: Զեկույցի հեղինակները Անկարային խորհուրդ են տալիս անհապաղ դուրս բերել իր զորքերը Կիպրոսի տարածքից եւ Կիպրոսի հույների համար բացել Մարաշի շրջանը:
Եվրախորհրդարանը խորհուրդ է տալիս նաեւ վերացնել սեփականության իրավունքի ու կրթության սահմանափակումը Գեկչեադ ու Բոզջադ թուրքական կղզիների հույն բնակիչների համար` կղզիների «բազմամշակույթ բնույթի պահպանման» նպատակով: Ընդգծվում է, որ Թուրքիան պետք է ցուցադրի «արդարադատության գերակայությունը» «Էրգենեկոն» կազմակերպության գործով դատավարության ժամանակ:
Փաստաթղթի հեղինակները լուրջ անհանգստացած են Դեմոկրատական հասարակայնության քրդամետ կուսակցությունը (DTP) լուծարելու մասին եւ այդ կուսակցության մի շարք ակտիվիստներին քաղաքականությամբ զբաղվել արգելելու վերաբերյալ Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշմամբ:
Միեւնույն ժամանակ զեկույցում «գոհունակությամբ է նշվում» այն փաստը, որ հասարակության մեջ լայնորեն սկսել են քննարկվել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են քրդական փոքրամասնության, ալեւիտների իրավունքները, բանակի դերը երկրում եւ հարաբերությունները հարեւան երկրների հետ: Այդ քննարկումը նախաձեռնած կառավարությունը «գովասանքի է արժանի»: Ընդգծվում է, որ բանակը պետք է քաղաքացիական իշխանությունների լիակատար հսկողության տակ գտնվի: Նշվում են նաեւ իշխանությունների կողմից մամուլի ազատության մի շարք խախտումներ: Զեկույցը նաեւ կոչ է պարունակում` ուղղված Քրդական բանվորական կուսակցությանը (PKK)` հրաժարվել ահաբեկչությունից` որպես իր քաղաքական նպատակներին հասնելու մեթոդից, գրում է Milliyet թերթը:
Թուրքիան սկսել է ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները 2005 թվականին: ԵՄ-ի նախատիպը հանդիսացող Եվրոպական տնտեսական ընկերակցության հետ Թուրքիան 1963 թ-ն ստորագրել է պայմանագիր, որում ճանաչվում էր միությանը անդամակցելու երկրի իրավունքը:
1978-1979թթ. Թուրքիային Հունաստանի հետ միասին հրավիրում էին անդամակցել ԵՏԸ-ն, սակայն Թուրքիան հրաժարվեց:
1980 թ-ի ռազմական հեղաշրջումից հետո Եվրոպան կասեցրեց իր հարաբերությունները Անկարայի հետ: Բանակցությունները վերսկսվեցին միայն 1983 թ-ց հետո: Այնուամենայնիվ, 1997 թ-ն կայացած գագաթնաժողովին ԵՄ-նը հրաժարվել է Թուրքիային ճանաչել ԵՄ-ն անդամակցելու թեկնածու: Այդ իրավունքը նա ստացավ միայն 2000 թ-ն այն պայմանով, որ երկիրը կբարելավվի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի օրենսդրությունը:
2002 թ-ի օգոստոսին Թուրքիայի խորհրդարանը հաստատել է բարեփոխումների ծրագիրը: Եվ 2004 թ-ի հոկտեմբերին Եվրահանձնաժողովը հավանություն տվեց Թուրքիայի ԵՄ-ն անդամակցության վերաբերյալ բանակցությունների մեկնարկին:
Թուրք-եվրոպական հարաբերությունները բարդանում են նրանով, որ Թուրքիան չի ցանկանում ճանաչել Կիպրոսի անկախությունը, որը 2004 թ-ն անդամակցում է ԵՄ-ը: 1974 թ-ն Թուրքիան օկուպացիայի է ենթարկել կղզու հյուսիսային մասը, եւ այդ ժամանակից ի վեր նրա կառավարությունը չի ճանաչում հարավային կառավարության` հունական մասի լեգիտիմությունը: