The Wall Street Journal. Ցեղասպանության մասին Կոնգրեսի բանաձեւն առաջ է բերել Թուրքիայի դժգոհությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի կոմիտեն ընդունեց 1915 թվականի Օսմանյան կայսրության հայերի զանգվածային սպանությունները Ցեղասպանության ակտ ճանաչող բանաձեւը: Վերջին պահին Օբամայի վարչակազմը փորձեց խանգարել դրան, սակայն կոնգրեսականները չզիջեցին: Արդյունքում Ամերիկայի եւ Թուրքիայի հարաբերություններում սառեցում տեղի ունեցավ: Կոնգրեսի կոմիտեի բանաձեւն ընդունվել է 23 կողմ եւ 22 դեմ ձայներով եւ ինքնին Կոնգրեսում նրան անորոշ ապագա է սպասվում: Սակայն, ամեն դեպքում ԱՄՆ-ն չի կարող խեղաթյուրել իր հարաբերությունները Թուրքիայի` Մերձավոր Արեւելքում եւ Միջին Ասիայում առանցքային դաշնակցի հետ իր հարաբերությունները: Քվեարկությունից մի քանի րոպե անց Անկարան խորհրդակցության համար հետ կանչեց Վաշինգտոնից իր դեսպանին: Ավելի վաղ Թուրքիան նման քայլ էր ձեռնարկել 2007 թվականին` դարձյալ Կոնգրեսի կոմիտեի կողմից նույնատիպ բանաձեւի ընդունումից հետո:

Քվեարկության արդյունքներն անհանգստացրին նաեւ խոշոր ամերիկյան պաշտպանական ընկերություններին, որոնց թվում` Lockheed Martin, Boeing, Raytheon, United Technologies եւ Northrop Grumman: Նրանք Թուրքիայում ուղղաթիռների, հրթիռների եւ F-35 կործանիչների մատակարարման նախագծեր ունեն եւ այժմ վախենում են զրկվել այդ գործարքներից:

Քվեարկությունը հեռարձակվում էր թուրքական ռադիոյի եւ հեռուստատեսության ուղիղ եթերում եւ լուրջ հարված եղավ Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու` Թուրքիայի առանց այդ էլ ոչ այնքան հաջող փորձերին:

Օբամայի վարչակազմը փորձում էր կոմիտեի անդամներին բանաձեւի դեմ տրամադրել: Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը զանգահարել էր Կոնգրեսի արտաքին քաղաքականության կոմիտեի նախագահ, Կալիֆոռնիայից կոնգրեսական-դեմոկրատ Հովարդ Բերմանին եւ «հասկացրել նրան, որ Կոմիտեի գործողությունները կարող են խոչընդոտել Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների հետագա կարգավորմանը», հայտնեց Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Մայք Համմերը:

Մինչեւ չորեքշաբթի օրը Օբամայի վարչակազմը փորձում էր չանդրադառնալ առաջիկա քվեարկությանը: Դա կտրուկ կոնտրաստ էր ստեղծում Բուշի եւ Քլինթոնի վարչակազմերի դիրքորոշումների հետ, որոնք բացեիբաց հանդես էին գալիս Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի դեմ: Չորեքշաբթի օրը պրն Օբաման զանգահարեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին, նրան շնորհակալություն հայտնեց Թուրքիայի ջանքերի համար, որոնք նա գործադրում է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու եւ սահմանի բացման մասին Արձանագրությունները շուտափույթ կերպով վավերացնելու համար, հաղորդում է Սպիտակ տունը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---