Բժիշկ Մահը փոխեց Հայաստան գալու իր մտադրությունը

PanARMENIAN.Net - Ամերիկահայ բժիշկ Ջեք Գեւորգյանը, որն ավելի հայտնի է որպես Բժիշկ Մահ, չժամանեց Հայաստան: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեցին տեղեկացված աղբյուրները, Ջեք Գեւորգյանը պետք է Երեւան ժամաներ Բեռլինից, որտեղ այցելության էր եկել քրոջը, սակայն ուշացավ ինքնաթիռից եւ ավելի ուշ որոշեց չգալ Հայաստան, այլ անմիջապես ԱՄՆ վերադառնալ:

Ինչպես ավելի վաղ էր հաղորդվում, Ջեք Գեւորգյանը պետք է Երեւան ժամաներ այսօր` մարտի 9-ին:

Ջեք Գեւորգյանը ամերիկահայ բժիշկ է, որը էվթանազիա է քարոզում: Զբաղվելով բժշկական պրակտիկայով` նա հանդես եկավ էվթանազիայի պաշտպանությամբ այն դեպքերում, երբ հիվանդին այլեւս անհնար է բժշկական օգնություն մատուցել, եւ որի տանջանքները չարժեն, որպեսզի նա շարունակի ապրել: 1989թ. նա մշակեց եւ կառուցեց այսպես կոչված «ինքնասպանության մեքենան» (մերսիտրոն), որն անալգետիկների եւ թունավոր դեղահաբերի մահացու չափաբաժին է ներարկում այլ միջոցներով սեփական կյանքին վերջ տալու անընդունակ հիվանդի արյան մեջ: 1990թ. հունիսի 4-ին օգտագործելով մերսիտրոնը` իր կյանքին վերջ տվեց առաջին հիվանդը, որը տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ: Ընդհանուր առմամբ 1990-1998թթ. մերսիտրոնից օգտվել են ավելի քան 130 մարդ: Գեւորգյանի գաղափարները վճռականորեն դատապարտվել են բժշկական ընկերակցության եւ ԱՄՆ իշխանությունների կողմից: 1991թ. Գեւորգյանին զրկեցին բժշկական պրակտիկայով զբաղվելու լիցենզիայից: Հետագայում նա չորս անգամ դատարան է ներկայացել, սակայն արդարացվել է վկաների ցուցմունքների պակասի պատճառով: 1999 թվականի մարտին Ջեք Գեւորգյանը մեղադրվեց երկրորդ աստիճանի ուղղակի սպանության մեջ: Դատարանի վճռով Գեւորգյանը 10-25 տարվա ազատազրկման դատապարտվեց Միչիգան նահանգի ուղղիչ հիմնարկում: 2007 թվականի հունիսի 1-ին լավ վարքի համար նահանգի պայմանական վաղաժամ ազատման Հանձնաժողովի որոշմամբ 79-ամյա Ջեք Գեւորգյանին ժամկետից երկու տարի շուտ ազատ արձակեցին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---