Արամ Սաֆարյան. Եվրախորհրդարանի բանաձևը Ղարաբաղի վերաբերյալ ադրբեջանական լոբբինգի արդյունք է

Արամ Սաֆարյան. Եվրախորհրդարանի բանաձևը Ղարաբաղի վերաբերյալ ադրբեջանական լոբբինգի արդյունք է

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի բանաձևը Ղարաբաղի վերաբերյալ ընդունվել է բուլղարացի պատգամավոր Եվգենի Կիրիլովի զեկույցի հիման վրա, որը Եվրախորհրդարանի Ադրբեջանի հետ բարեկամության խմբի անդամ է: Բանաձևը հակասում է Մադրիդյան սկզբունքներին, ԵՄ դիրքորոշմանը Ղարաբաղի վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նույն խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի հետ ՀՀ ԱԺ-ում կայացած համատեղ ճեպազրույցում:

Իր հերթին Արամ Սաֆարյանը նշել է, որ այդ փաստաթուղթը ադրբեջանական լոբբինգի արդյունք է և բանաձևը հակասում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահների Ակվիլայի հայտարարությանը և ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների Աթենքի հայտարարությանը:

Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ ՀՀ ԱԺ պատվիրակությունը վերջերս է ձևավորվել և նույնսիկ չի հասցրել անցկացնել առաջին նիստը: «Այս դեպքում, պատվիրակությունից ոչինչ կախված չէր»,-ասել է նա: Մայիսի 20-ին Եվրախորհրդարանում տեղի ունեցան բանավեճեր Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ Եվրոպայի փոխհարաբերությունների շուրջ: Այդ թեմայով բանաձև ներկայացրեց բուլղարացի եվրապատգամավոր Սոցիալիստների և դեմոկրատների խմբին հարող Եվգենի Կիրիլովը: Փաստաթղթում անհանգստությում է արտահայտվում տարածաշրջանում ռազմական ծախսերի աճի հետ կապված և կոչ է արվում «դուրս բերել հայկական զորքերն Ադրբեջանի բռնազավթված տարածքներից»: Եվրախորհրդարանը կոչ արեց կողմերին ակտիվացնել խաղաղ բանակցությունները տարածաշրջանում կայունություն հաստատելու համար: «ԵՄ-ը վճռականապես դատապարտում է ուժի կիրառման հնարավորությունն այդ հակամարտության լուծման համար, դրա կիրառումն արդեն բացասաբար է անդրադարձել տարածաշրջանի վրա և լուրջ հետևանքներ է առաջացրել տեղի բնակչության համար,- ասվում է բանաձևում: - Երկու կողմերն էլ պետք է անպայման հավատարիմ մնան 1994-ին կնքված հրադադարի մասին համաձայնագրին»: Պատգամավորներն անհագստություն են արտահայտել այն առիթով, որ «հարյուր հազարավոր փախստականներ չեն կարողանում վերադառնալ հայրենիք, իսկ նրանց իրավունքները, ներառյալ վերադարձի, սեփականության և անձնական անվտանգության իրավունքը, ոտնահարվում են: «Մենք կոչ ենք անում հաշվի առնել տեղահանված մարդկանց շահերը միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան»,- ընդգծել են նրանք:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---